Արփիկ Հակոբջանյան Տպել

Ես զգում եմ նրանց սերը

«Դպրոց-դպրոց խաղալը դարձավ իմ ճակատագիրը»: Արփիկ Հակոբջանյանի մանկության երազանքն էր դառնալ մանկավարժ ու կրթել երեխաներին: Երազանքն իրականություն դարձավ: Արդեն 33 տարի է զբաղվում  է սիրելի աշխատանքով: Արփիկ Հակոբջանյանը ծնվել է 1955թ-ի մարտի 29-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղում: Ընտանիքում առաջնեկն էր, հայրը դերձակ էր, մայրը տնային տնտեսուհի: Տեղի դպրոցում ստանում է 8-ամյա կրթություն, հետո գալիս Երևան: 1970-ին ընդունվում Ակսել Բակունցի անվան ուսումնարանի դասվարական բաժինը, որտեղ էլ ստանում է դասվարի որակավորում: 1974թ-ին տիկին Հակոբջանյանն ամուսնանում է և տեղափոխվում Բյուրեղավան: 1981-ից աշխատում է Բյուրեղավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որպես դասվար: Զուգահեռ 3 տարի աշխատել է նաև 2-րդ դպրոցում: Ավելի քան 15 սերունդ է կրթել, դաստիարակել: Մինչև 2012թ-ը աշխատել է թիվ 1 դպրոցում: Կրթական համակարգում տեղի ունեցած փոփոխություններից հետո, երբ հանրակրթական դպրոցները վերափոխվեցին հիմնականի ու ավագի, Արփիկ Հակոբջանյանը  հայտնվեց գործազուրկի կարգավիճակում: Այս կարգավիճակում մի քանի ամիս մնալուց հետո, բախտը ժպտում է նրան: 2012-ի աշնանը համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի նախաձեռնությամբ ավագ դպրոցին կից բացվում է նախակրթարան և տիկին Հակոբջանյանը քաղաքապետի առաջարկով անցնում է աշխատանքի, որպես ավագ խմբի դաստիարակ: Մինչև  աշխատանքի անցնելը վերապատրաստվում և ուսումնասիրում է «Քայլ առ քայլ» ծրագիրը: «33 տարի աշխատում եմ փոքրիկների հետ, շատ սիրում եմ նրանց: Եթե զգում են, որ  սիրված են ապա իրենք էլ են սիրում: Երեխան մնում է երեխա՝ լինի չար,  թե խելոք: Նրանք հում կավ են և ամեն անգամ պետք է հղկես ու ստանաս այն, ինչ ցանկանում ես: Երբեք աշակերտներիս վրա ձեռք չեմ բարձրացրել, փորձել եմ հասկացնել խիստ հայացքով: Յուրաքանչյուր աշակերտի մոտենում եմ յուրովի, հասկանում եմ նրանց հոգեբանությունը: Եղել են դեպքեր, երբ իմ աշակերտները իրենց ծնողներին չեն լսել և նրանք էլ խնդրել են, որպեսզի ես օգնեմ իրենց: Առաջին հերթին փորձում եմ իմ ժպիտով ազդել ու ստացվում է: Սիրում եմ իմ աշխատանքն առավել ևս հիմա, նախակրթարանում շատ հետաքրքիր է: Աշխատում եմ 6 տարեկանից ցածր փոքրիկների հետ, ամեն օր մտածում եմ ինչ նոր խաղեր կազմակերպեմ, որ հետաքրքիր լինի: Երբեք չեմ մտածել այլ աշխատանքի մասին, սա իմ ճակատագիրն է»- Byureghavan. am-ի հետ կիսվեց Արփիկ Հակոբջանյանը: Նա այսօր էլ շարունակում է զբաղվել իր սիրած գործով: Բարի ժպիտով, գարնանային տոների կապակցությամբ, մաղթեց բոլոր կանանց սեր ու երջանկություն: