Աշխատանքային առաջին խորհրդակցությունը Печать

2016թ-ի երկրորդ աշխատանքային օրը՝ քաղաքապետ Հակոբ Բալասյանի գլխավորությամբ տեղի ունեցավ այս տարվա առաջին խորհրդակցությունը: Ներկա էին փոխքաղաքապետը, աշխատակազմի քարտուղարը, քաղաքապետարանի բաժինների պետերը, ենթակառուցվածքների ղեկավարները: Խորհդակցության սկզբում քաղաքապետը հատուկ շնորհակալություն հայտնեց «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Եղյանին, «Բյուրեղավան» համատիության նախագահ Արգամ Շառյանին՝ տոնական օրերին քաղաքի բնականոն ընթացքը պահելու, աղբահանությունը կազմակերպելու, ճանապարհների ձյունը մաքրելու և այլ աշխատանքներ իրականացնելու համար: Ղեկավարներն իրենց զեկույցներում ներկայացրեցին իրականացվելիք ծրագրերը: Հակոբ Բալասյանը «Մարզամշակութային կենտրոնի» տնօրեն Էդիկ Պիճիկյանին հանձնարարեց հայկական բանակի կազմավորման օրվա՝ հունվարի 28-ի առթիվ կազմակերպել միջոցառում Կոտայքի մարզում գտնվող որևէ զորամասում: Անդրադառնալով քաղաքաշինությանը՝ քաղաքապետը աշխատակազմի գլխավոր մասնագետ Դանիել Դանիելյանին հանձնարարեց հանդիպել համայնքի գլխավոր հատակագծի կազմման աշխատանքներն իրականացնող կազմակերպության ներկայացուցչի հետ, ինչպես նաև 2015-ից մնացած աշխատանքներն հասցնել ավարտին: «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Սարգսյանը զեկուցեց, որ տոնական օրերին գրիպի համաճարակ չի գրանցվել, օրական միջին հաշվով ունենում են մինչև հինգ այցելու: Այս առումով քաղաքապետը հորդորեց լինել ավելի հետևողական: «Բյուրեղավան» համատիրության նախագահ Արգամ Շառյանն իր խոսքում նշեց, որ բազմաբնակարան որոշ շենքերի տանիքներում առատ ձյան հետևանքով առաջացել են նստվածքներ: Քաղաքապետը փոխքաղաքապետ Միշա Եղիազարյանին հանձնարարեց կազմել ակտեր և որոշել վնասի չափերը՝ հետագայում համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար: Հանձնարարականներ տրվեց Հայկ Եղյանին և Արգամ Շառյանին՝ չթուլացնել աշխատանքի տեմպերը և պատրաստ լինել ցանկացած եղանակային անակնկալի:

11.01.16.