Իրավիճակը նորից սրվել է Տպել

«Գլաս Ուորլդ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է պայքարում են իրենց հասանելիք աշխատավարձերի համար: Հարցը հասել է մինչև կառավարություն: Այս ամիսների ընթացքում աշխատակիցների մի մասը ստացել է, իսկ մի մյուսներին` ընկերությունը դեռ կուտակած պարտքեր ունի: Այս խնդրով ընկերության մի խումբ աշխատակիցուհիներ հանդիպեցին քաղաքապետ Հակոբ Բալասյանին: Ընկերության աշխատակիցները ներկայացնելով իրավիճակը ակնկալում էին քաղաքապետի աջակցությունը: Աշխատակիցները նշեցին, որ իրենցից շատերի աշխատավարձերի մի մասը մարվել է, սակայն սպասում են նաև մյուս մասին, քանի որ սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն: 45 տարեկան Անժելա Ասատրյանը 10 տարի աշխատում է որպես հերթափոխի պետ: Ներկաներից միայն նրա աշխատավարձի պարտքն է ամենաշատը՝ 724 հազար դրամ: Տիկնոջ խոսքերով. «Ընկերության ղեկավարներն ամեն օր այսօր-վաղն են ասում: Մենք քաղաքապետից խնդրում ենք աջակցություն կամ խորհուրդ մեր հետագա քայլերի համար: Ղեկավարությունն ամեն ամսվա 15-ին ասում է ամսվա վերջին կտանք: Հիմա էլ ասում են նոյեմբերի 30-ին, սակայն 100 տոկոսով չեն երաշխավորում: Չգիտենք, ինչ անենք: Պարտքեր ունենք կուտակված, կոմունալ ծախսեր և այլն»: Հովակիմյան Լալան էլ շարունակելով գործընկերուհու խոսքը նշեց. «Աշխատում եմ փաթեթավորման գծի օպերատոր: Իմ պարտքը կազմում է մոտ 130 հազար դրամ: Շատ է դա, թե քիչ, դա կարևոր չէ: Մեր ընտանիքում միայն ես եմ աշխատում ու խրված ենք պարտքերի մեջ: Ի վերջո` ով պետք է լուծի այս հարցը: Անելանելի վիճակից դրդված` դիմեցինք քաղաքապետին»: Համայնքի ղեկավարը խոստացավ իր գործառույթների շրջանակներում օգտակար լինել աշխատակցուհիներին:

26.11.15.