Քայլեր երկու քաղաքների միջև Տպել

Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը հյուրընկալել էր Ուկրաինայի հանրապետության Դոնեցկի մարզի Վոլնովախա քաղաքի քաղաքապետ Սերգեյ Դեմչենկոյին և նրա տիկնոջը: Նման հանդիպում կայացել էր անցած տարի Վոլնովախա քաղաքում, երբ Հակոբ Բալասյանր նրանց հյուրն էր: Համայնքների ղեկավարների հանդիպումը պաշտոնական բնույթ չէր կրում, սակայն հանդիպման ընթացքում առաջարկությունների ու քննարկումների միջոցով գտան համագործակցության ուղիներ: Հյուրերին ուղեկցում էր նախկին բյուրեղավանցի Ռուդիկ Սարգսյանն, ով այսօր ապրում և աշխատում է Վոլնովախա քաղաքում: Ունի սեփական բիզնես, այնտեղի հայ համայնքի ներկայացուցիչն է և քաղաքապետի մտերիմ ընկերը: Հակոբ Բալասյանն իր գործընկերոջը ներկայացրեց Բյուրեղավան քաղաքը: Առաջարկեց մշակութային և սպորտային համագործակցություն: «Ուրախ կլինեմ, որ մեր համագործակցության միջոցով կապեր հաստատվեն քաղաքում գործող պարային խմբերի, սպորտային թիմերի և դպրոցների միջև: Ինչպես նաև համացանցի միջոցով, մտքերի փոխանակում երիտասարդների միջև»: Սերգեյ Դեմչենկոն առաջին անգամն է Հայաստանում և շատ տպավորված էր: Պատմելով իրենց քաղաքի մասին նշեց, որ Վոլնովախան հիմնադրվել է 1881թ-ին: 2011 թ-ի տվյալներով Վոլնովախա քաղաքում բնակվում էր 23. 442 մարդ։ Տարածքը՝ 21 կմ²։ «Շատ հայեր են բնակվում մեզ մոտ, աշխատում և արարում են: Ես հաճախ եմ հանդիպում նրանց հետ, հետաքրքրվում եմ նրանց գործունեությամբ: Ռուդիկն ամրացնում է հայերի ավանդույթները, սովորույթները: Մեզ մոտ զարգացած է արդյունաբերությունը, մշակույթը: Ունենք շատ պարային համույթներ, որոնք ժամանակակից ոճի մեջ են և ցավում եմ, որ ժողովրդականը մնացել է ստվերում: Կարատե մարզաձից ունենք խմբեր, որոնք մասնակցել են կարևոր մրցաշարերի»: Հանդիպումը կայացավ ջերմ մթնոլորտում, ղեկավարները շուտով համագործակցության պայմանագրեր կկնքեն, որը շահավետ կլինի երկու կողմերի համար: Ի նշան բարեկամության Հակոբ Բալասյանը հայկական մշակույթը ներկայացնող հուշանվեր հանձնեց Սերգեյ Դեմչենկոյին:

21.10.13.