Log in
ՀայերենРусскийEnglish
Նուռնուսցի՝ Դերենիկ Դավթյանը PDF Print E-mail

Դերենիկ  Դավթյան  մարդ ով իր ամբողջ կյանքը ծառայեցրել է  ժողովրդին: Զբաղեցնելով տարբեր պետական  պաշտոններ, կարողացել է իր նախաձեռնություններով աջակցել հայրենի գյուղի` Նուռնուսի բարգավաճմանն ու զարգացմանը: Դերենիկ Դավթյանի մանկությունն անցել է ծանր, պատերազմական  ժամանակաշրջանում: Բազմազավակ ընտանիքի դժվարությունների բեռն  իր վրա է վերցնում 14 ամյա Դերենիկն ու սկսում է աշխատել հոր հետ,  մասնակցում  Երևան-Սևան երկաթգծի կառուցմանը: Գիշերներն աշխատում էր, ցերեկները՝ սովորում: Երկաթգծի վրա հիմնականում աշխատում էին երիտասարդներ: Այդտեղ նա աչքի է ընկնում իր ակտիվությամբ և կարճ ժամանակ անց արժանանում  ՍՍՀՄ պատվոգրի և Կովկասի պաշտպանության շքանշանի: Ի դեպ,  նրա խոսքերով՝ Հայաստանում այս շքանշանի միակ կրողը ինքն է:  Երիտասարդ տարիներին ակտիվորեն զբաղվել է  կազմակերպչական հարցերով, եղել է Գյումուշ ԳԷՍ-ի շինարարության կոմերիտմիության քարտուղարը: 1 տարի աշխատել է Գյումուշի պրոֆմիության նախագահ:  2 տարի սովորել է հին Նորքի կուսակցական դպրոցում, որի հնարավորությունը Դերենիկ Դավթյանին տրվել է  աշխատանքում լավ արդյունքներ ցուցաբերելու համար: Սովորելուն զուգահեռ շարունակել է աշխատել: Մինչև բանակ մեկնելը աշխատել է տարբեր տեղերում: 1951թ-ին մեկնում է բանակ՝ Հյուսիսային Կովկաս, ծառայում  3 տարի 8 ամիս: Ծառայությունը պատվով կատարելուց հետո վերադառնում է հայրենի գյուղ, շարունակում ուսումը: 1956-ին ընդունվում է Ալ. Մյասնիկյանի անվան շինարարական տեխնիկումի քաղաքաշինության բաժին: Ավարտելուց հետո անցնում է աշխատանքի  տարբեր կազմակերպություններում՝ աշխատելով բանվորից մինչև արտադրության պետ:  Հեռակայել է  Ռոստովի շինարարական ինստիտուտում, ստացել շինարարի որակավորում: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ:  Շինանյութերի մատակարարման կազմակերպմամբ աջակցել է Աբովյան քաղաքի կառուցման աշխատանքներին: Նա մեծ վաստակ ունի իր հայրենի գյուղի  բարգավաճման ու առաջընթացի գործում:  Մինչև 2013թ-ը Դերենիկ Դավթյանը տարբեր բարեգործական կազմակերպությունների միջոցով  կարողացել է Նուռնուսում  իրականացնել կենսական կարևորության հարցեր: Ստեղծել է «Վարդան Նահապետ» ՀԿ, որի առաքելությունը բարեգործությունն էր: Նրանց ներդրումներով գյուղում անց է կացվել  կոյուղի՝ Նուռնուսի 6-րդ փողոցի փակուղուց մինչև ձոր գնացող ճանապարի վերջը: 93 ամյա Դերենիկ պապը երկհարկանի առանձնատանն ապրում է մենակ: Մեծությունը նրան այդքան էլ չի վախեցնում, տխրում է, որ կինն իրեն մենակ  է թողել: Երեխաներն ու թոռները վաղուց առանձնացել են. «Նրանք գալիս, գնում են: Էստեղ շատ լավ է, չնայած որ մենակ եմ ապրում: Զբաղվում եմ մեղվաբուծությամբ, ծաղիկներ եմ աճեցնում (խմբ.այգում շատ կային գեղեցիկ կակաչներ ու պիոններ)   էս ծաղիկները իմ ընկերներն են, նրանց հետ խոսում եմ, օրս անցկացնում: Աղջիկ ջան,  իմ այգուց ստացած բերք ու բարիքով կոմպոտներ ու պահածոներ եմ պատրաստում (խմբ. մեզ հյուրասիրում է իր պատրաստած մոշի կոմպոտից), թոռներս երբ գալիս են հյուրասիրում եմ»- ասում է Դերենիկ պապը: Դերենիկ պապը սիրում է իր գյուղը, նրա ամեն բացվող առավոտը: Ապրելով բովանդակալից կյանք, ունենալով մեծ հնարավորություններ, նա կարողացել է ամենը օգտագործել, որպեսզի իր համագյուղացին ապրի հարմարավետ բնակավայրում: Երջանիկ ծերունին հիմա միայն մտածում է իր առողջության ու երկրի խաղաղ ու բնականոն կյանքի մասին: Ասում է.- «Վստահ եմ, որ լավ է լինելու , հզոր երիտասարդություն ունենք»:

 

Այցելություններ

4348040
Այսօր1556
Երեկ2038
Այս շաբաթ7640
Այս ամիս47995
Ընդամենը4348040