Log in
ՀայերենРусскийEnglish
Բյուրեղավանի առաջին բնակիչը PDF Print E-mail

Այս տարի օգոստոսին կլրանա  Ժորա պապի 85 ամյակը: Մարդ, ով իր կյանքի երիտասարդ տարիները նվիրել է Բյուրեղավան քաղաքի կառուցմանը:  Պատշարի արհեստը ժառանգել է հորից: Հոր հետ միասին քարը քարին դնելով կառուցել են տասնյակ շենքեր: 76 տարի ապրում  ու աշխատում է Բյուրեղավանում՝ կիսելով բյուրեղավանցիների ուրախությունն ու տխրությունը: Մեր կայքի «Քաղաքի մարդիկ» էջն այս անգամ որոշեց անդրադառնալ Ժորա պապին: Ժորժիկ Սամսոնի Գրիգորյան՝ ծնվել է 1933թ-ի օգոստոսի 2-ին Հրազդանի շրջանի Մեղրաձոր (Թեժառույք) գյուղում:  Մեծացել է արհեստավորի ընտանիքում: Երբ սկսում է Հայրենական Մեծ պատերազմը նրա հայրը մեկնում է բանակ, մոր հույսին  թողնելով  4 երեխա: Մայրը, միայնակ չկարողանալով հոգալ ընտանիքի հոգսը, երեխաների հետ տեղափոխվում է Բաքու՝ ծնողների մոտ: Տեղափոխվելուց 6 ամիս անց նորից վերադառնում են Մեղրաձոր, որտեղ հայրն արդեն  ոտքից վիրավոր նրանց սպասում էր տանը:  Մեր հերոսը 8 տարեկան էր, երբ  ընտանիքը տեղափոխվում է Երևան, հետո՝ Արզնի բանավան: «Երբ եկանք այստեղ, դա 45-ական թվականների վերջն էր,  ոչինչ չկար: Իմ հայրը բյուրեղավանի  առաջին բնակիչն էր:  Էստեղ երկու շենք կար՝ մեկը կլուբ էր ու ճաշարան, էն մեկն էլ՝ բնակելի տարածք: Մեզ տվեցին երկու սենյակ: Էտ շենքը ժողովուրդը  կոչում էր «Բելի դոմ»: Հայրս ինձ սովորեցրեց պատշարություն, սկսեցինք միասին առաջին շենքի հիմքը գցել ու մասնակցել կառուցման աշխատանքներին: Էդպես կամաց-կամաց տեղավորվեցինք ու հաստատվեցինք այստեղ: 1951թ-ին մեկնեցի սովետական բանակ: Ծառայել եմ Սուխումի քաղաքում՝ 3տարի 8 ամիս: Բանակից վերադարձել եմ ու սկսել աշխատել: Հորս հետ սայլերով քար էինք կրում: Երկու գոմեշ, երկու սայլ կար, դրանով քարեր էինք  բարձում  ու կամաց-կամաց Բյուրեղավանում  շենքեր, գործարաններ կառուցում: Այն ժամանակ, երբ շշերի գործարանը ստացավ  տրակտոր, բուլդոզեր, ավտոպագռուզչիկ (ամբարձիչ), դրանք ես էի աշխատացնում:  1966թ-ին գնացել եմ Ղազախստան՝ խոպան, մեկ տարի անց վերադարձել եմ: Բազմաթիվ պատվոգրեր ու Լենինյան  շքանշաններ ունեմ, բայց հիմա դրանք չկան, կինս չգիտեմ ինչ ա արել (ժպտում է): Աբովյանի ավազի հանքը մենք ենք փորել, այնտեղից ավազ էինք հանում, բերում մեր զավոդներն էինք կառուցում:  Մատոռիստ եմ աշխատել, «Ուրալ»՚՚  եմ քշել երկար տարիներ»-իր հուշերով կիսվում է Ժորա պապը: Մեկ ժպիտով, մեկ տխրությամբ պապը պատմում էր իր անցած տարիների մասին: Ամուսնացել է 1958թ-ին. «Տիկինս՝  Ֆենյան աշխատում էր Հանքավանի զավոդի  լաբորատորիայում, ես էտ տարիներին ստեղից շիշ էի տանում լաբորատորիա: Տեսա, դուրս եկավ, ուզեցի: Արդեն  60 տարի միասին ենք: Գոհ եմ շատ իրանից, որ գոհ չլինեի 60 տարի միասին կապրեի՞նք»-  ծերունին սիրահարված պատանու նման պատմում էր սիրելի  տիկնոջ մասին:  Տարիներն  ու դժվարությունները նրան չեն փոխել, կյանքից շատ բան է քաղել: Հիմա ապրում է սիրով, ջերմությամբ շրջապատված՝ 3 երեխաների, 8 թոռների և 13  ծոռների հետ: Գոհ է, որ Բյուրեղավանում է բնակություն հաստատել, սակայն նեղսրտում է մարդկանց  ներկա ապրելակերպից. «Բյուրեղավանը ապրելու համար  լավ տեղ ա: Հանգիստ քաղաք ա:  Մենակ ես ջահելները, որ աշխատանք ունենան շատ լավ կլինի: Ես սովետական մարդ եմ ու շատ եմ ցանկանում, որ էն ժամանակվա նման լավ ապրենք»- ավարտեց իր խոսքը 85 ամյա Ժորա պապը:  Պապին մաղթենք առողջություն, երկարակեցություն,   ջերմություն  ու ժպիտ: Սպասենք նրա և տիկին  Ֆենյայի  ադամանդե հարսանիքին:

28.01.18

 

Այցելություններ

4158931
Այսօր1198
Երեկ1103
Այս շաբաթ2301
Այս ամիս6064
Ընդամենը4158931