
Մեծատառով ՄԱՐԴ
«Հասարակական գործիչ» Բյուրեղավանում շատերը հենց այսպես են անվանում նրան: Աբել Իսրաելյան՝ մարդկային բոլոր լավ հատկանիշներով օծված, մեծատառով ՄԱՐԴ: Մեծից մինչև փոքր, ղեկավարից մինչև հասարակ բանվոր՝ համայնքում բոլորը հարգանքով են խոսում ու հիշում Աբել Իսրաելյանի մասին: Չէինք կարող ևս մեկ անգամ չհիշել ու չանդրադառնալ նրան: Աբել Ավետիսի Իսրաելյան. ծնվել է 1937թ-ի օգոստոսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Պատրա գյուղում, բազմանդամ ընտանիքում: Միջնակարգ կրթություն ստացել է գյուղի դպրոցում: Հետո ընդունվել և ավարտել է Ստեփանակերտի հաշվապահական տեխնիկումը: 1964թ-ին ամուսնացել է և չորս տարի անց դուստրերի հետ միասին տեղափոխվել Բյուրեղավան: Սկզբնական շրջանում աշխատել է «Հայապակի» գործարանում, որպես ավագ կոմպրեսատոր: 1991թ-ին Բյուրեղավանի ավանային սովետի նախագահ Արարատ Խանզադյանը նրան նշանակել է ԲՇՏ-ի պետ, որտեղ աշխատել է 15 տարի: Հենց այդ ժամանակվանից սկսել է զբաղվել հասարակական գործունեությամբ: «Մութ ու ցուրտ տարիներին շատերին է օգնել, ովքեր դիմել են տարբեր խնդիրներով: Միշտ պայքարել է անարդարության դեմ, վերին աստիճանի խստապահանջ ու կարգապահ մարդ էր»-ասում են հարազատները: Սոցիալիստական գաղափարախոսության վերին աստիճանի ջատագովներից էր: Միաժամանակ մաթեմաթիկայի մեծ սիրահար, որը հնարավորություն տվեց ամբողջ կյանքում լինել պրագմատիկ: Մեծ տեղ տալով կրթությանը իր երեխաներին ու թոռներին ստիպել է անընդհատ կարդալ ու մաթեմաթիկա սովորել: Լինելով խստապահանջ, նաև չափազանց բարի էր ու հումորի մեծ զգացում ուներ: Նրա խորհրդի կարիքը բոլորն ունեին: Այդ էր պատճառը, որ «Սարանիստ» ընկերության ղեկավարները հաշվի չառնելով նրա տարիքը, նկատի ունեցան նրա տարիների փորձը, հնարավորություն տվեցին աշխատելու և իր մասնագիտական փորձը փոխանցելու երիտասարդներին: Մինչև իր կայնքի վերջը ընկերությունում աշխատեց որպես ավագ կոմպրեսատոր: Լինելով ակտիվ քաղաքացի, սրտացավ բյուրեղավանցի, բնակիչների շրջանում հարգանք վայելող մարդ, համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի առաջարկով և ավագանու որոշմամբ Աբել Իսրաելյանը 2016-ին ընդգրկվում է «Բյուրեղավան համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի» կազմում: Ընտանիքում բարի պապիկ էր, որդու համար իդեալ, իսկ հարսի համար ծնողին հավասար մարդ. «Իմ երազանքն է, որ ես ու ամուսինս խոր ծերության տարիքում շատ նման լինենք նրանց»- ասում էր հարսը: Աբել Իսրաելյանն ունի 2 դուստր, 1 որդի, 6 թոռ, 7 ծոռ: Աստվածային համբերատարությամբ օժտված մարդն ապրեց 79 տարի, հիվանդությունն անգամ չընկճեց նրան: 2017-ի ապրիլի 2-ին մահկանացուն կնքեց հանգիստ ու խաղաղ:
|