Войти
ՀայերենРусскийEnglish
Վազգեն Մանուկյան PDF Печать E-mail

«Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատերազմից չենք վախենում»

«2016 թ.-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան արցախյան ռազմաճակատի ամբողջ գծով  ընթանում էին  մարտեր թշնամու դեմ:  Մեր գումարտակն այդ ընթացքում կազմ ու պատրաստ շարժվեց դեպի մարտական հենակետ: Անցնելով պաշտպանության՝ հառակորդին  ստիպեցինք հետ մղել սադրիչ գործողությունները՝ բարեբախտաբար առանց զոհերի, իսկ հակառակորդի կողմից եղան բազմաթիվ զոհեր»:

Նախկին ծանրամարտիկ, ֆիզիկապես ուժեղ, խորն ու հասուն մտածելակերպ՝ տվյալներ, որոնք բնորոշում են Վազգեն Մանուկյանին: Քառօրյա պատերազմում նա ևս առաջնագծում էր: Պատրաստված ու բանիմաց երիտասարդը կցկտուր էր ներկայացնում այդ օրերի ընթացքը: Որպեսզի  մեզ շատ բան չպատմի՝ ժամանակ առ ժամանակ անցնում էր հումորի, գիտակցելով, որ ամեն բան պատմելու  իրավունք չունի: «Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատերազմից չենք վախենում»: Ծառայությունից հետո  այս խոսքերը դարձել են նրա կյանքի նշանաբանը: Հայրենասեր երիտասարդը վերհիշելով այդ ծանր օրերը ասում է. «Հրամանատարների  բարձր, մասնագիտական գիտելիքների շնորհիվ մարտական գործողությունները ճիշտ կազմակերպվեցին, թշնամու առաջխաղացումը կասեցվեց: Մենք զերծ մնացինք խուճապային իրավիճակներից ու զոհերից, փոխարենը՝ թշնամին մարտադաշտում թողեց մեծ թվով զոհեր»:

Պատերազմական այդ օրերին նա վաշտի ավագն էր ու տասնյակ զինվորներ նրա տրամադրության տակ էին: Մի քանի մարտական գործողությունների է մասնակցել, բայց դրա մասին լռում է: Նրա հպարտությունը հայրենիքն է ու «Մարշալ Բաղրամյան» մեդալը, որը ստացել է ՀՀ պաշտպանության  նախկին նախարար Սեյրան Օհանյանից:

Բյուրեղավանցի Վազգեն Մհերի Մանուկյանը ծնվել է 1993թ-ի հուլիսի 26-ին:  Սովորել և ավարտել է արցախյան պատերազմի մասնակից, մեր համաքաղաքացի Սամվել Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցը: Հերոսի անվան դպրոցում, հարյուրավոր հերոսներ են դաստիարակվել: Վազգենը նրանցից մեկն է: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է ՀՊՃՀ-ի ինժեներական ֆակուլտետը: Երկու տարի սովորելուց հետո ուսումը կիսատ է թողնում և շարունակում է զբաղվել պրոֆեսիոնալ ծանրամարտով: Վազգեն Մանուկյանը  ՀՀ ծանրամարտի չեմպիոն է: 2014-ին մեկնում է Արցախ և ծառայում ԼՂՀ ՊԲ-ում:  Ծառայությունն իրականացրել է Արցախի հարավ-արևելյան զորամասերից մեկում՝ հրաձգային դիվիզիայում:

«Պատերազմը կարծես զորավարժություն լիներ, որտեղ մենք թշնամուն գերազանցեցինք: Ինչի արդյունքում քննական ուսումնական փուլի փակմանը ստացանք գերազանց գնահատական»: Խոսում էր հրամանատարական կազմից, մարդիկ, ովքեր ըստ նրա, ամեն վայրկյան զինվորի հետ էին, մարտնչում նրանց հետ հավասար: Շեշտեց վաշտի հրամանատար Արթուր Օհանյանի անունը, նշելով նրա զինվորական գիտելիքների բարձր մակարդակը:

Նորակոչիկ զինվորներին հորդորում է. «Զինվորի ծառայության բուն իմաստն  է՝ գերազանց տիրապետել զենք- զինամթերքին, մարտական տեխնիկային և լինել չափազանց զգոն»:

Վերջում մի պահ լռեց ու լուրջ դեմքով շարունակեց. « Հիմա ես ավելի ուժեղ եմ, որովհետև վստահ եմ, որ ամուր է իմ հողը և նրա պաշտպանությունը հուսալի ձեռքերում է»…

 

Այցելություններ

4329901
Այսօր148
Երեկ1434
Այս շաբաթ1582
Այս ամիս29856
Ընդամենը4329901