
Անահիտ Մուշեղի Գրիգորյանը «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ում աշխատում է արդեն 35 տարի: Բյուրեղավանցիների կողմից սիրված բուժքույրը ծնվել է 1960թ-ի փետրվարի 19-ին, Սյունիքի մարզի Խոտ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է իրենց գյուղի դպրուցում: 1977թ-ին ընդունվել է Ղափանի բժշկական ուսումնարանի քույրական բաժինը: Ուսումնարանն ավարտելուց հետո անցել է աշխատանքի Խոտ գյուղի բուժկետում, աշխատել որպես բուժքույր: 1980թ-ին ընտանիքով հաստատվել են Բյուրեղավանում: 1981թ-ին անցել է աշխատանքի Բյուրեղավանի հիվանդանոցում, աշխատել է որպես տեղամասային և վիրակապարանի բուժքույր: 2012թ-ից տեղափոխվել է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի շտապօգնության ծառայություն: Հիմա տիկին Անահիտը շտապօգնության բուժքույր է: Ամուսնացած է ունի երեք որդի, հինգ թոռնիկ: Նոյեմբերի 17-ին լրացավ նրա աշխատանքային գործունեության 37 տարին: 37 տարի նույն աշխատանքին ու առանց տրտնջալու: Բյուրեղավանցիների սիրելի բուժքույրը տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 20 ամյակի կապակցությամբ համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի կողմից արժանացավ շնորհակալագրի՝ բնակչության նկատմամաբ գթասիրտ և հոգատար վերաբերմունքի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար: Կիսվելով byureghavan.am-ի հետ բուժքույրն ասում է. «Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը: Սիրով եմ գալիս աշխատանքի ու ծառայում ազգաբնակչությանը: Մեծ հաճույք է ինձ համար մարդկանց օգնելը, բոլորին սպասարկում եմ սիրով »: Ըստ Անահիտ Գրիգորյանի, առողջապահական ոլորտի աշխատողը պետք է լինի համբերատար: Ինքը հենց այդպիսինն է. «Բնավորությամբ շատ համբերատար անձնավորություն եմ, հարգանքով եմ վերաբերում բոլորին, թե մեծերին, թե փոքրերին. անկախ նրանից, թե ինչ իրավիճակում եմ: Եթե հիվանդը դիմում է, ուրեմն խնդիր կա և պետք է ոչ միայն բուժօգնություն ցույց տալ, այլ նաև հոգատար վերաբերմունք: Ի սկզբանե հիվանդի հետագա վիճակը կախված է նաև մեր մոտեցումից»: Խոսելով հասկանում ես, որ նրա մարդկային կերպարի բնորոշ գծերից մեկը պարզությունն է, ինչը շատ ավելի կանացի ու գրավիչ է դարձնում նրան: Նրա խոսքերն են. «Երբ զբաղվում ես սիրելի աշխատանքով, աշխարհը դառնում է ավելի բարի ու ավելի հետաքրքիր»: Իր աշխատանքը բարձր գնահատելու համար նա երախտագիտությունը հայտնեց քաղաքապետ Հակոբ Բալասյանին. «Շնորհակալ եմ, շատ… նման պարգևի արժանանալու համար: Թող Աստված ինձ ուժ տա, որ կարողանամ շարունակել ծառայել իմ ժողովրդին: Զգացված եմ, ինձ համար անակնկալ էր: Մեր անձնակազմին ցանկանում եմ, որ նրանք ևս գնահատվեն ըստ արժանավույն»: Հարցազրույցից անմիջապես հետո շտապ կանչ գրանցվեց: Բուժքույրը սիրով ու համբերատար լսեց զանգահարողին, որից հետո պատրաստակամ շտապեց իր ծառայությանը:
|
|
Այցելություններ
Այսօր | 1208 | Երեկ | 1103 | Այս շաբաթ | 2311 | Այս ամիս | 6074 | Ընդամենը | 4158941 |
|