
ՀԱՅԱՍԵՐ` անունն ամեն ինչ ասում է նրա մասին: Բարի դեմք, թեթև ժպիտ, այս ամենի մեջ՝ մեծ հայրենասերի կերպար, ում հետ անվերջ կարող ես խոսել հայրենիքից, սահմանում կանգնած զինվորից ու արցախյան պատերազմից: Հայասեր Բաղդասարյանը արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից զինվորագրվել է հայրենիքի պաշտպանության գործին… …Ծնվել է 1950թ-ի հուլիսի 20-ին, ԼՂՀ Հադրութի շրջանի Մելիքաշեն գյուղում: Մեծ ընտանիքի 9-րդ զավակը միջնակարգ կրթությունը ստացել է հարևան Քոջբեկ գյուղում: 1965-ին ընդունվել է Ստեփանակերտի ուսումնարան, ստացել ծեփագործ-ներկարարի մասնագիտություն: 1966թ-ին մեկնել է Սումգայիթ՝ եղբայրների մոտ, ընդունվել կաուչուկի գործարան և աշխատել որպես ֆրեզերագործ: 1969-1971թթ ծառայել է Խորհրդային բանակում: 1972թ-ին ընտանիքով տեղափոխվում է Հայաստան, բնակություն հաստատում Բյուրեղավան քաղաքում: Հայաստան գալու պատճառը՝ հաճախակի տարաձայնություններն ու կռիվներն էին ադրբեջանցիների հետ: Մեր հերոսի անունը՝ ՀԱՅԱՍԵՐ, հունից հանում էր թուրքերին: 1973թ-ին սկսել է աշխատել Բյուրեղավանի քարամշակման գործարանի մեխանիկական արտադրամասում: 1976թ-ին ամուսնանում է: Ունի երեք աղջիկ: Ազգային ազատագրական պայքարի սկզբից Հայասեր Բաղդասարյանը մեկնում է Գորիս և մասնակցում մարտական գործողություններին: Այնուհետև հադրութցիների ջոկատի հետ մեկնում է իր ծննդավայր Հադրութ: Հադրութում մասնակցում է Բլութան-Մելիքաշեն գյուղերի ինքնապաշտպանական մարտերին: 1992թ-ին թշնամու գնդակից վիրավորվում է և վերադառնում Հայաստան: 1996թ-ին մարտական ծառայությունների համար պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել շքանշանով: «Պատերազմի տարիներին՝ մինչև մեկնելը գործարանում զենքեր ենք պատրաստել, հետո պարապմունքներ ենք անցկացրել, որպեսզի պատրաստ լինենք և կարողանանք թշնամու դեմ կռվել: 1990-1992թթ-ին եղել եմ Հադրութում: Հիմնականում դիրքային կռիվ էր: Նրանք անընդհատ ռմբակոծում էին, ինչի հետևանքով ես վիրավորվեցի, ընկերներիցս երեքին կորցրեցի: Հունիսի 13-ին եկան մեզ փոխարինեցին, որից հետո տուն եկա»-հիշում էր Հայասերը: Այսօր, լուրջ առողջական խնդիրների պատճառով նախկին ազատամարտիկը չի կարողանում մեկնել Արցախ և լինել երիտասարդ զինվորների կողքին: «Եթե առողջականս ներեր ես հիմա անպայման կլինեի Հադրութում, եղբորս տղաների կողքին: Հիմա նրանք են մեր սահմանը պահում: Էս օրերին մենք աշխարհին ապացուցեցինք, որ հզոր ու միասնական ենք, մեր ոգին ուժեղ է: Մի կտոր հող չպիտի տանք նրանց, սա մեր երկիրնա ու պիտի պահենք, թեկուզ արյան գնով: Ուրախանում եմ մեր այսօրվա սերնդով, նրանց դուխով: Թուրքը պետք է պատասխան տա ամեն մի կորցրած հայի համար» -ավարտում է իր խոսքը նախկին ազատամարտիկը:
|
|
Այցելություններ
Այսօր | 1237 | Երեկ | 1103 | Այս շաբաթ | 2340 | Այս ամիս | 6103 | Ընդամենը | 4158970 |
|