
Ամեն ինչ սկսեց նրանից, երբ նա աշխարհ եկավ քաղաքացիական պարտքի մեծ զգացումով: «Երբ անդամագրվեցի ՀՅԴ-ին, կյանքս կարծես թե իմաստավորվեց: Ավելի շատ դաշնակցության գաղափարախոսությունն ինձ տարավ նրանց մոտ: Հայկական հարցն ու հայրենասիրությունն ինձ գենետիկորեն է փոխանցվել: ՀՅԴ-ում լավ քաղաքացիներ են դաստիարակում, ես դա տեսնում եմ, այստեղ նպատակը ոչ թե կուսակցությանը ծառայելն է, այլ նրան աջակցելը»-այսպես ներկայացրեց իր դաշնակցական լինելու առիթը՝ ավագանու անդամ Արման Օհանյանը: Շատերի կողմից սիրված, համեստ բնավորության տեր երիտասարդ Արման Օհանյանը ծնվել է 1978թ-ի սեպտեմբերի 12-ին, Թումանյանի շրջանի Ախթալա քաղաքում: 1985թ-ին ընտանիքով տեղափոխվում են Բյուրեղավան: Արման Օհանյանը սովորել և ավարտել է Բյուրեղավանի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցը: 1997-1999թթ Արմանը ծառայել է հայոց բանակում: Ծառայությունը պատվով կատարելուց հետո մեկնում է Ռուսասատանի Ուֆա քաղաք և ընդունվում Բաշկիրիայի գյուղատնտեսական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Ուսումը ստանալուց հետո 2004թ-ին տեղափոխվում է Հայաստան և զբաղվում հասարակական աշխատանքով: 2010-ին, երբ ՀՅԴ-ն դառնում է ընդդիմություն, Արմանի նպատակը իրականություն է դառնում: Ընկերների միջնորդությամբ, սեպտեմբերի 2-ին՝ Արցախի հանրապետության օրը անդամագրվում է կուսակցությանը: Լավ քաղաքացի լինելը Արմանի համար կարևոր երևույթ է, և նա իր քայլերով աշխատում է օրինակ ծառայել մյուսներին: Վերջերս նրա նախաձեռնությամբ Բյուրեղավանի 27, 28 շենքերի բնակիչներն իրականացրեցին մանկական խաղահրապարակի բարեկարգման աշխատանքները: Աշխատանքներին աջակցություն ցուցաբերեց նաև քաղաքապետ Հակոբ Բալասյանը: Խաղահրապարակից օգտվում են երկու շենքերի մոտ 432 բնակիչ: Բնակիչների համար ստեղծվեցին հարմարավետ պայմաններ իրենց ժամանցը կազմակերպելու համար: Կատարվեցին ասֆալտապատման աշխատանքներ, տեղադրվեցին զրուցարաններ, մանուկների համար՝ կարուսելներ: Արման Օհանյանի գլխավորությամբ անցյալ տարի օգոստոսին տեղի ունեցավ խաղահրապարակի բացման արարողությունը: «Ինչու առաջադրվեց և 2012-ին 171 ձայնով ընտրվեց ավագանի» Byureghavan. am-ի հարցին Արմանը պատասխանեց. «Սիրում եմ հասարակական աշխատանքով զբաղվել, դառնալ հանրային դեմք: Ծառայել ոչ միայն իմ ընտանիքին, այլև քաղաքին: Ցանկանում եմ իմ լուման ներդնել քաղաքի զարգացման գործում, հայրենասիրության ոգին ապրեցնել իմ քաղաքի մարդկանց մեջ»: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը բարձր է գնահատում Արմանի ինտելեկտը, կարևորում նրա խոսքը: Արման Օհանյանն ունի կարգախոս և կյանքում առաջնորդվում է դրանով. «Ապրիր այնպես, որ կարողանաս մարդկանց օրինակ ծառայել»:
|
|
Այցելություններ
Այսօր | 102 | Երեկ | 301 | Այս շաբաթ | 1693 | Այս ամիս | 28166 | Ընդամենը | 4066757 |
|