Войти
ՀայերենРусскийEnglish
Հովակիմյան Հապետ PDF Печать E-mail

Քարտաշ  Հապետը

«Ես չեմ կարող երբևէ խղճիս ու շինարարի կոչմանս դեմ գնալ և կառուցել՝ անտեսելով շինարարական պահանջվող նորմերն ու չափանիշները»- ասում է ծնունդով Մուսա լեռցի Հապետ Հովակիմյան, ով շուրջ 50 տարի աշխատել է շինարարությունում: Այս անգամ «Քաղաքի մարդիկ» էջը անդրադարձել է Բյուրեղավան քաղաքի հիմնադիր կառուցողներից՝ Հապետ Հակոբի Հովակիմյանին: Ծնվել է 1942թ. մայիսի 24-ին Լիբանանում, Մուսա լեռան հայկական գյուղերից գաղթած և հայերի կողմից 1939թ-ին հիմնադրված Անջար քաղաքում: 72-ամյա Հապետ պապի ծնողները՝ Հակոբը և Եղիսաբեթը, Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների ժառանգներն են: 1946-ին նրանց ընտանիքը տեղափոխվում է Էջմիածին քաղաք, այնտեղ ապրում են 6 ամիս, այնուհետև բնակություն հաստատում Աբովյանում: 1949թ. ապրիլից Բյուրեղավանի բնակիչ է: Սովորել է տեղի 7 ամյա դպրոցում, ինչպես ինքն է ասում «ծառերի տակ»: Հետպատերազմյան տարիներն էին,  չկային շենքային պայմաններ: Դպրոցում սովորել է գերազանց, սակայն պայմաններից դրդված պատանի հասակից սկսել է աշխատել: 14 տարեկանում նա արդեն հյուսն էր, հետո քարտաշ-որմնադիր: Հապետ պապը  Բյուրեղավան քաղաքի կառուցմանը զգալի ներդրում է ունեցել, ակտիվ մասնակցել է գրեթե բոլոր շինարարական գործընթացներին: Բազմաթիվ լուրջ աշխատանքներ է իրականացրել, բավականին բարդ ու կարևոր կառույցներ են նրան վստահել: Ընկերները նրան «ուստա» են կոչել, նրա ձեռքերով է կառուցվել քաղաքի մանկապարտեզը, դպրոցը, տարաների գործարանը, հիվանդանոցը և տասնյակից ավելի բնակելի շենքեր: Խոսելով  շինարարության ոլորտում տիրող այսօրվա վիճակի մասին, ցավով նկատեց.«հիմնական պատճառն այն է, որ գործի գլուխ կանգնածները հեռու են շինարարի մասնագիտությունից»: Հապետ Հովակիմյանի համար կյանքի ամենամեծ ձեռքբերումը երեխաներն են. «նրանց դաստիարակել եմ այն ոգով, որ հասարակության համար պիտանի մարդիկ լինեն: Ապրած կյանքի փորձն ինձ շատ է օգնել, որ երեխաներիս ճիշտ դաստիարակեմ: Առհասարակ շինարարը տարբերվում է իր մտածելակերպով: Շինարարը և՛ հոգեբան է, և՛ փիլիսոփա»: Հապետ պապն ամուսնացել է 20 տարեկան հասակում, կնոջ հետ ապրել է երջանիկ, ունեցել են հինգ զավակ: Այսօր ունի 13 թոռ և 5 ծոռ: Վարպետի շնորհքը անցել է որդիներին, նրանք ևս քարտաշ են: Իր կյանքն ապրել է ազնիվ, անկեղծ: Վաստակաշատ շինարարին ամենից շատ մտահոգում են այսօրվա բացասական երևույթները, որոնք գնալով արմատավորվում են մեր կյանքում:  Ես պատկառանքով էի լսում նրան, ապշեցուցիչ բարի հայացք և հրաշալի զրուցակից. «գնահատված եմ եղել,քանի որ ինքս էլ գնահատել եմ հարգանքն ու վստահությունը, մարդկությունն ու հարազատներիս սերը»: Այսօր վարպետն անցել է վաստակաշատ հանգստի և նրա միակ երազանքն է տեսնել իր պապերի Էրգիրը՝ Մուսա լեռը:

30.04.13

 

Այցելություններ

4329906
Այսօր153
Երեկ1434
Այս շաբաթ1587
Այս ամիս29861
Ընդամենը4329906