
«Դիմանկար չեմ սիրում նկարել, ավելի շատ ինձ հոգեհարազատ են բնության պատկերները: Փորձում եմ աշխատել հենց այդ ուղղությամբ, և այն ներկայացնել վառ գույներով,իսկ ծաղրածու նկարելը իմ տարերքն է»: Մեր հերոսը զրույցի ժամանակ կարևորեց այս փաստը: Բյուրեղավանցի Լիլիթ Սիրադեղյանը ծնվել է 1988թ-ի մարտի 3-ին: Հաճախել է Բյուրեղավանի մսուր-մանկապարտեզը: 1995-2003թ-ին սովորել է թիվ 1 միջնակարգ դպրոցում: Նկարել սկսել է 13 տարեկանից, արվեստի այս ճյուղն անցել է հորից՝ վարպետ Սանասարից, ով զբաղվում է փորագրությամբ: Դպրոցական տարիքում նրա աշխատանքները ցուցադրվել են տարբեր ցուցահանդեսներում: Երբևէ չի փորձել կազմակերպել անհատական ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն իր աշխատանքները: Լիլիթը նշում է՝ պատճառները տարբեր են, սակայն ցանկություն կա և առաջիկայում կմտածի այդ ուղղությամբ: 2005թ-ին ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի գեղանկարչության բաժինը և ավարտել 2010թ-ին՝ ստանալով մանկավարժի որակավորում: Քչախոս, բարի հայացքով նկարչուհին, ունի մոտ 100 աշխատանք, որոնք մեկը մյուսից տարբեր են: Նկարներում պատկերել է իր հույզերն ու ապրումները: Վրձնի բանալիով բացել է իր ներաշխարհի դռները, զգացմունքներն արտահայտել է իր նկարների միջոցով: Երիտասարդ նկարչուհին ուրախությամբ փաստեց, որ վերջին ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են իր երկու նկարները՝ նկարիչների միությունում էր, ուր ներկայացված էին Կոտայքի մարզի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները: Հավելելով, որ մասնակցության համար աջակցել է քաղաքապետ Հակոբ Բալասյանը և անձամբ ներկա գտնվել ցուցահանդեսի բացմանը: Բացի նկարելուց, զբաղվում է բատիկայով: Այսօր էլ շարունակում է ստեղծագործել, իր արվեստը փոխանցել սերունդներին, քանի որ դասավանդում է դպրոցում՝ կերպարվեստ առարկա: Ըստ նկարչուհու արվեստը մեծ ուժ է: Այն մարդիք, ովքեր որ մոտ են դրան, մոտ են գեղեցիկին ու բարուն:
Մերի Կարապետյան
21.01.13
|
|
Այցելություններ
Այսօր | 1242 | Երեկ | 1103 | Այս շաբաթ | 2345 | Այս ամիս | 6108 | Ընդամենը | 4158975 |
|