
Ծնվել է 1958թվականին, Բյուրեղավան քաղաքում: 1976-1978թթ. թվականներին ծառայել է խորհրդային բանակում: Աշխատել է «Հայբյուրեղապակի» գործարանում: 1988թ-ին կամավոր միացել է Ղարաբաղի ազատագրման պայքարին, եղել է ջոկատի հրամանատար: 1989թ-ից Երկրապահ կամավորական միության անդամ է: Մասնակցել է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և Արցախի ինքնապաշտպանական մարտերին: Սրտի մեծ ցավով է հիշում Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի պաշտպանական մարտերից մեկը, որտեղ կորցրեց ամենամտերիմ ընկերոջը, իսկ ինքը ստացավ գլխի կոնտուզիա: Պատերազմից հետո զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ, դրանցից` «Հայագրոնավթ» Կոտայքի բազայի տնօրեն, ՊՆ կապիտալ շինվարչությունում` ԵԲԿ պետ, Աբովյանի էլցանցում` տեղամասի պետ և այլն: Արժանացել է բազմաթիվ մեդալների և պատվոգրերի: Հպարտանում է հատկապես «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան», «Վարդան Մամիկոնյան»,«Մայրական երախտագիտություն» մեդալներով: Ազատ ժամանակը նվիրում է թոռնիկներին, զբաղվում սպորտով; Երգ-երաժշտությանը կապված է էությամբ: Սիրում է երգել խրոխտ, ազգագրական երգեր: Մարտական ընկերները պատմում են, որ ռազմի դաշտ մտնելուց առաջ երգում էր «Դե, ելեք քաջեր, հայ քաջորդիներ», ոգևորում զինակից ընկերներին: Նրան ճանաչելու համար պետք է լսել, թե ինչպես է երգում և ինչ երգեր`«Արդյոք, ովքեր են», «Քաջեր», «Ախպերս ու ես», «Զարթիր, լաո, մըռնիմ քըզի»: Ամեն անգամ, երբ ընտանեկան ջերմ հարկի տակ հավաքվում են երեք զավակները և հինգ թոռնիկները` կրկնում է. «պատրաստ եմ հող հայրենին պաշտպանել, որ տարիքում էլ լինեմ»…
|