
Բարիս Ղարսայանը ծնվել է 1952թ մայիսի 1-ին Տավուշի շրջանի Այգեձոր գյուղում : Ութնամյա կրթությունը ստացել է գյուղի դպրոցում: Տեղափոխվել է Չարենցավանի պրոֆտեխ ուսումնարան սովորելու: 1970-1972թթ ծառայել է Խորհրդային Բանակում` Գերմանիայում : Վերադառնալուց հետո ամուսնացել է և տեղափոխվել Բյուրեղավան: 12 տարի աշխատել է «Բյուրեղապակի» գործարանում որպես մեքենավար: «Հայկապշին» տրեստում ավտովարորդ էր , երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը: Շարժման առաջին օրվանից մասնակցել է Գորիսի ,Կապանի , Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի պաշտպանությանը: Այնուհետև թշնամուց բռնագրված տարբեր զենք զինամթերքներով իր ջոկատով վերադառնում է Տավուշի մարզի Այգեձոր գյուղ`ջոկատը համալրելով գյուղի քաջ տղաներով: Բարիս Ղարսայանը եղել է Այգեձոր գյուղի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար: 1992թ դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան թուրքերը մեծ զորքով հարձակվում են Չինար գյուղի վրա: Բարիս Ղարսայանը իր ջոկատով օգնության է հասնում Չինարի մարտիկներին , մինչև լուսաբաց թեժ կռիվ է մղվում , արդյունքում թշնամու 43 զոհի դիմաց մենք ունենում ենք 4 զոհ , որից մեկը հրամանատարն էր ` Բարիս Ղարսայանը: Նա հեռացավ իր հետևից թողելով կնոջն ու երեք երեխաներին , որոցից փոքր որդին հաշմանդամ է: Մահվանից օրեր անց Բարիսի կինը գրում է բանաստեղծություն` նվիրելով Չինարի գյուղում զոհված Այգեձորցի 4 հայորդիներին:
Սուգ է այսօր Այգեձորում` չորս զոհ միայն մեկ օրում :
Սև շոր հագան չորս կին , չորս մայր, չորս լույս հանգավ մեկ օրում:
Առավոտից սոված-ծարավ, դուք գնացիք կռվելու,
Մինչև լույս դուք կռվում էիք , առանց դադար առնելու:
Աչքիդ առաջ արնաթաթախ տղաներդ ընկան ցած,
Դու գոռացիր `«Բա ինչ կասեմ Ձեր տերերին տղաներ»:
Առանց երկար մտածելու, ցավը սրտում քո որդու ,
Ընկերներիդ ցավը սրտում , անվախ ելար դու մարտի:
Դու գիտեիր , որ գնում ես դեմ հանդիման քո մահվան ,
Դու գիտեիր քաջ ֆիդայի , հենց առաջին օրվանից:
Չթողեցիք խուժան թուրքին ոտք դնելու մեր հողին,
Ձեր սեփական կյանքով փրկիք , մի բուռ հողը հայրենի:
|