Արման Գրիգորյան Print

«Ամեն վայրկյան սպասում էինք հրամանի»

20 ամյա Արման Հրաչիկի Գրիգորյանը բանակ է զորակոչվել ձմռանը և գոհ է, որ ծառայել է Արցախի ՊԲ-ում: 10 ամիս է անցել ապրիլյան քառօրյայից, սակայն ամեն մի դրվագ հիշում է:   «Բանակը իսկական տղամարդու տեղ է, ու  կարևոր է ծառայելը»-ասում է Արմանը:  Ձյուդո  մարզաձևի Հայաստանի փոխչեմպիոն է, միջազգային մրցաշարերի մասնակից:  Նա ոչ միայն մարզաշխարհում,  այլ նաև ծառայության ընթացքում ունի  գրանցած հաջողություններ:  Փոքրամարմին, ֆիզիկապես ուժեղ երիտասարդը իր ծառայությունը հիմնականում անցկացրել է Ջաբրաիլի մարտական հենակետերից մեկում:

Արման Հրաչիկի Գրիգորյանը ծնվել է 1996 թվականի հուլիսի 19-ին:  Ընտանիքով ապրել են Երևանում, հետո տեղափոխվել Բյուրեղավան: 2003թ-ին ընդունվել է Բյուրեղավանի թիվ 2 դպրոցը, որտեղ ստանում է 9- ամյա կրթություն:  Արմանը 7 տարեկան հասակից  Բյուրեղավանի մարզադպրոցում  սկսում է զբաղվել ձյուդո մարզաձևով՝ մարզիչ Հայկ Եղյանի մոտ: Մասնակցել է տարբեր մրցաշարերի, երեք անգամ դարձել  ՀՀ ձյուդոյի պատանիների առաջնության փոխչեմպիոն: Պրոֆեսիոնալ սպորտը շարունակելու նպատակով  2012-ին ընդունվում է Գյումրիի Օլիմպիական հերթափոխի մարզական պետական քոլեջ: 2014-ին մասնակցել է Անթալիայում կայացած ձյուդոյի պատանիների առաջնությանը: Նույն թվականին ընդունվում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ:  Ուսումը թողնում է կիսատ և 2015-ին մեկնում ՀՀ ԶՈւ:  Վեց  ամիս Արմավիրի ուսումնական զորամասում  ծառայությունն անցկացնելուց հետո տեղափոխվում է  Արցախի ՊԲ և զինվորական ծառայությունն իրականացնում Ջաբրաիլում: «Պոլկում էինք,  վաշտի հրամանատարը եկավ ու տագնապ տվեց: Մեզ թվաց ուսումնական սովորական տագնապ է: Սովորականի նման սկսեցինք հագնվել, սակայն հրահանգեցին՝ արագացնել: Ապրիլի 2-ի առավոտյան ժամը 7-ն էր:  Սկսեցինք տեխնիկան, տանկերը մարտականի բերել: Թշնամին տարբեր զինատեսակներից անընդհատ կրակում էր: Զորամասը կռվի էր բռնվել, իսկ մեր ջոկը երկրորդ գծում ամեն վայրկյան սպասում էր հրամանի: Ամեն ինչով ապահոված էինք, տղերքը դուխով էին: Հասցնում էին և կռվել, և միաժամանակ արկերից խուսափել ու էդպես մինչև գիշեր»- ապրիլյան պատերազմի դրվագներով մեզ հետ կիսվում էր Արման Գրիգորյանը:  Ծանր  էին հշողությունները, վերապրում էր ամեն վայրկյանը.- «Ապրիլի 2-ի գիշերը գնացել էինք հաց ուտելու: Մեր կամբատը մեխանիկ վարորդի հետ մնացել էր տանկի մեջ ու ինչ-որ աշխատանք էր կատարում:  Նրանց արկերն աննդհատ մեր վրա էին գալիս: Արկերից մեկը ընկավ տանկի վրա, որտեղ մեր ընկերներն էին: Կամբատ Հովիկ Մալյանը տեղում մահանում է, իսկ մեխանիկ վարորդը ստանում կանտուզիա: Վազեցինք  այդ կողմ, հանգցրինք կրակը, հետո տանկից դուրս  բերեցինք մեր ընկերներին»:  Ժամկետային զինծառայող Արման Գրիգորյանը պատվով է կատարել  հայրենիքի հանդեպ  պարտքը: Նա  այսօր   տանն է ու շարունակում է կիսատ թողած ուսումը .-«Գիտեք, այդ ժամանակ քո մասին չես մտածում: Մտածում ես հարազատներիդ ու ընկերներիդ մասին: Մենք շատ դուխով էինք: Տղաները մեկը մյուսին դուխ էր տալիս»:

«Հիմա կյանքին ավելի լուրջ  եմ նայում, քայլ անելուց ավելի երկար եմ մտածում»: Ասում է.- «Ուզում եմ խաղաղություն լինի, պատերազմներ չլինեն: Հիմա իմ եղբայրը ծառայության մեջ է և իր ժամկետային ծառայությունն իրականացնում է հենց իմ զորամասում»:  Բազմաթիվ մրցաշարերում աչքի ընկած զինվորն այսօր հպարտությամբ նշում է, որ ինքը հաղթանակած բանակի  զինվորն է: