Սիրելի բուժքույրը Печать

Անահիտ Մուշեղի Գրիգորյանը «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ում   աշխատում է արդեն 35 տարի: Բյուրեղավանցիների կողմից սիրված  բուժքույրը ծնվել է 1960թ-ի փետրվարի 19-ին,   Սյունիքի  մարզի  Խոտ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է  իրենց գյուղի դպրուցում: 1977թ-ին ընդունվել է Ղափանի բժշկական ուսումնարանի քույրական բաժինը: Ուսումնարանն ավարտելուց հետո անցել է աշխատանքի Խոտ գյուղի բուժկետում,  աշխատել որպես բուժքույր: 1980թ-ին ընտանիքով հաստատվել  են Բյուրեղավանում: 1981թ-ին անցել է աշխատանքի Բյուրեղավանի հիվանդանոցում,  աշխատել է որպես տեղամասային և վիրակապարանի բուժքույր: 2012թ-ից տեղափոխվել է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի  շտապօգնության ծառայություն: Հիմա տիկին Անահիտը  շտապօգնության բուժքույր  է:  Ամուսնացած է ունի  երեք որդի, հինգ թոռնիկ: Նոյեմբերի 17-ին լրացավ նրա աշխատանքային գործունեության 37 տարին: 37 տարի նույն աշխատանքին ու առանց տրտնջալու:  Բյուրեղավանցիների սիրելի բուժքույրը  տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 20 ամյակի կապակցությամբ համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի կողմից արժանացավ շնորհակալագրի՝ բնակչության նկատմամաբ գթասիրտ և հոգատար վերաբերմունքի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար: Կիսվելով byureghavan.am-ի հետ բուժքույրն ասում է. «Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը: Սիրով եմ գալիս աշխատանքի ու ծառայում ազգաբնակչությանը: Մեծ հաճույք է ինձ համար մարդկանց օգնելը, բոլորին սպասարկում եմ սիրով »:  Ըստ Անահիտ Գրիգորյանի, առողջապահական ոլորտի աշխատողը պետք է լինի համբերատար: Ինքը հենց այդպիսինն է. «Բնավորությամբ շատ համբերատար անձնավորություն եմ, հարգանքով եմ վերաբերում բոլորին, թե մեծերին, թե փոքրերին. անկախ նրանից, թե  ինչ իրավիճակում եմ: Եթե հիվանդը դիմում է,  ուրեմն խնդիր կա և պետք է ոչ միայն բուժօգնություն ցույց տալ, այլ նաև  հոգատար վերաբերմունք: Ի սկզբանե հիվանդի հետագա վիճակը կախված է նաև մեր մոտեցումից»:  Խոսելով  հասկանում ես, որ նրա մարդկային կերպարի բնորոշ գծերից մեկը  պարզությունն է, ինչը շատ ավելի կանացի  ու գրավիչ է դարձնում նրան: Նրա խոսքերն են.  «Երբ զբաղվում ես սիրելի աշխատանքով, աշխարհը դառնում է ավելի բարի ու ավելի հետաքրքիր»:  Իր աշխատանքը բարձր գնահատելու համար նա երախտագիտությունը հայտնեց քաղաքապետ Հակոբ Բալասյանին. «Շնորհակալ եմ, շատ… նման պարգևի արժանանալու համար: Թող Աստված ինձ ուժ տա, որ  կարողանամ  շարունակել ծառայել իմ ժողովրդին: Զգացված եմ, ինձ համար անակնկալ էր: Մեր անձնակազմին  ցանկանում եմ, որ նրանք ևս գնահատվեն ըստ արժանավույն»: Հարցազրույցից անմիջապես հետո շտապ կանչ գրանցվեց:  Բուժքույրը սիրով ու համբերատար  լսեց զանգահարողին, որից  հետո պատրաստակամ  շտապեց իր ծառայությանը: