Նանուշյան Էլյանորա Print

40 տարի նույն վայրում ու նույն աշխատանքին: Էլյանորա Նանուշյան՝ տաղանդավոր, անկրկնելի, բացառիկ մարդ,  ում համար երաժշտությունն ու մանկավարժական աշխատանքն անփոխարինելի են:   Նրա համար ուսուցիչ լինելը կոչում է, որը քչերին է վիճակված: Մարդու համար հնարավոր բոլոր շնորհները կան նրա հոգում:  Ծնվել է 1949թ-ի ապրիլի 10-ին՝ Բաքու քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Բաքվում: Դպրոցն ավարտելուց հետո  ընդունվել է երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը: 1969թ-ին ընդունվել և ավարտել է Բաքվի երաժշտական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը: Սովորելու տարիներին զուգահեռ՝ աշխատել է երաժշտական ուսումնարանի վոկալի և լարային բաժիններում, որպես կոնցերտմայստեր: 1976թ-ին ամուսնանում է և տեղափոխվում Բյուրեղավան: Ամուսինը ապակեգործ վարպետ էր, աշխատում էր «Հայապակի» արտադրական միավորումում: 1977թ. սեպտեմբերին ընդունվում է Բյուրեղավանի  երաժշտական դպրոց, որտեղ աշխատում է  մինչ օրս: Հրաշալի մայր է  ու տատիկ, ունի 3 երեխա, 4 թոռ: Իր աշխատանքի մասին խոսելիս տիկին Նանուշյանն ասում է. «Մեծ հաճույք եմ ստանում իմ աշխատանքից: Սկսում եմ երեխաների հետ աշխատել և մոռանում  ժամանակի մասին: Պատահել է՝ այնքան ենք տարվել դասով, որ չենք զգացել, ինչպես է դասաժամն ավարտվել»: Էլյանորա Նանուշյանը սիրված է կոլեկտիվի և իր սաների կողմից: Նրանից միշտ սովորելու բան ունեն: Նա իր անկեղծությամբ վարակում է շրջապատին: Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը՝ գնահատելով նրա  երկարամյա մանկավարժական աշխատանքը, 2013թ-ին  արվեստի դպրոցի հիմնադրման 40 ամյակի կապակցությամբ հանձնում է պատվոգիր: Մեր հերոսը հիմա էլ նույն երիտասարդական ավյունով շարունակում է աշխատել, երեխաներին կրթել և նրանց մեջ գեղագիտական ճաշակ ձևավորել: