Կարինե Խաչիկյան Печать

Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին:

Շառլոտա Բրոնտե

Կարինե Խաչիկյանը 30 տարի կրթության ոլորտում է: Նա տասնյակ սերունդներ է ճանապարհել դեպի նոր կյանք: Աշակերտներին տվել է ոչ միայն գիտելիք, այլ նաև սովորեցրել է բարձր գնահատել գեղեցիկը, ազգայինը, բարին ու վեհը: Ծնվել է 1955 թվականի նոյեմբերի 19-ին ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանի Նոյեմբերյան ավանում: 1961-1962 ուսումնական տարում ընդունվել և 1971-1972 ուստարում գերազանցությամբ ավարտել է Նոյեմբերյանի 2-րդ միջնակարգ դպրոցը: 1973 թվականին ընդունվել և 1978 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժինը: 1985թ-ին ընտանիքով Երևանից տեղափոխվել են Բյուրեղավան: 1988 թվականի սեպտեմբերից աշխատել է Բյուրեղավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1998 թվականի հունիսից ստանձնել է թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը: Երկարամյա մանկավարժական գործունեության ընթացքում Կարինե Խաչիկյանն ուժ ու եռանդ չի խնայել մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում: Պետք է նշել, որ հեշտ չէ ղեկավարել ուսուցչական և աշակերտական մի մեծ կոլեկտիվ, ինչի համար անհրաժեշտ է մարդկային, մասնագիտական և հոգևոր հսկայական ներուժ: Կարինե Խաչիկյանի մարդկային բարձր որակները` հարգանքը դիմացինի նկատմամբ, խստապահանջությունը ոչ միայն ուրիշների, այլ նաև իր նկատմամբ, հասկանալու, դիմացինի դրության մեջ մտնելու, յուրաքանչյուրին ըստ իր արժանիքների և կատարած աշխատանքի գնահատելու կարողությունը, անաչառությունն ու ազնվությունը այն գրավականն են, որի վրա հենվում է նրա հաջողված աշխատանքը: Նրա ջանքերի շնորհիվ հիմնանորոգվեց դպրոցական շենքը, ձեռք բերվեցին համակարգիչներ, հեռուստացույցներ, բազմաթիվ էլեկտրոնային սարքավորումներ, երաժշտական գործիքներ, բարեկարգվեց և կահավորվեց նիստերի դահլիճը:Կարինե Խաչիկյանը բացառիկ հմայքի տեր է, գիտակ ուսուցիչ, ստեղծագործող մանկավարժ: Նրա եռանդն ու աշխատասիրությունը միշտ վարակել են իր գործընկերներին, մանկավարժական կոլեկտիվին, որը միշտ հավատացել և վստահել է նրան: Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԿԳ նախարարության կողմից արժանացել է «Լավագույն ուսուցիչ-2006» մրցանակին:

Byureghavan. am-ի հարցազրույցը՝ Կարինե Խաչիկյանի հետ:

1.Տիկին Խաչիկյան, ի՞նչ է տվել Ձեզ մանկավարժի մասնագիտությունը:

-Մանկավարժի մասնագիտությունն այսօր շատ ավելի բարդ է, քան նախկինում, երբ ես երիտասարդ էի: Ինձ համար եթերային էր այդ մասնագիտությունը: Աշխատել եմ միշտ նմանվել իմ ուսուցիչներին: Ժամանակին շատ մեծ գնահատական՝ ինքս իմ մեջ ունեցել եմ իմ հայոց լեզվի և գրականության ուսուցչի նկատմամբ, ով մի բացառիկ ու պայծառ դեմք էր: Հայրենական պատերազմի վետերան էր: Նա գրականության դասը վերածում էր տոնի, ինչը ես շարունակում եմ ոչ թե գիտակցաբար, այլ ներքին կանչով: Նրա ոճը, բառապաշարը, ասելիքը, խոհուն մտածելակերպը կարծես փոխանցվել է ինձ: Մանկավարժի մասնագիտությունն ի սկզբանե ինձ համար եղել է սրբություն: Երբևէ չեմ զղջացել, թեպետ հիասթափության պահեր եղել են, բայց դրանք կարճ են տևել: Ամեն առավոտ տանից դուրս եմ գալիս, քայլերս ուղղում դպրոց: Ճանապարհին՝ աջ ու ձախ, աշակերտների բարևները, ողջույնի խոսքերն իմ լուսաբացը դարձնում են ավելի պայծառ:

2. 30 տարի կրթական ոլորտում եք: Ամեն օր կարծում եմ, ավելին անելու ցանկություն ունեք, նոր բան արարելու: Ի՞նչ տվեց ու վերցրեց Ձեզանից մանկավարժությունը:

-Ես ինձ համարում եմ ուսուցիչ, որովհետև ամեն քայլափոխի նոր բան եմ ուսուցանում աշակերտներին: Անգամ բակում խաղացող երեխայի մեջ, եթե ինչ որ բան զգում եմ պետք է փոխել, ինքնաբերաբար ինձ ուղղորդում եմ դրան: Աշխատանքս անձամբ ինձ, տարիների բեռ է տվել, այդ բեռի մեջ կան շատ ուսանելի բաներ: Ամեն անգամ որևէ հարցի հետ առնչվելիս՝ կապված աշակերտների դաստիարակության, կրթության հետ, ինչ-որ հայտնագործություն եմ անում ինձ համար: Այդպիսով, նաև աշխարհաճանաչողության հիմք է դրվում, ինչ-որ բան ավելացնում, շատացնում իմաստնությունը որպես մարդ և ուսուցիչ: Բայց թե ինչ եմ տվել, դա միայն ես գիտեմ… Տվել եմ նվիրում, սեր, նաև կորուստներ: Ինչևէ, ես հպարտ եմ իմ աշխատանքով:

3. Եթե հնարավորություն լիներ նորից ծնվելու և ապրելու, արդյոք կընտրեի՞ք նույն մասնագիտությունը, նույն աշխատանքը:

-Գուցե չընտրեի այս մասնագիտությունը, բայց այն ռոմանտիկան՝ բանասերի, մայրենիի, գրականության մշակի ես անպայման նորից կունենայի:

4. Կնոջ համար դժվար չէ՞ ղեկավար պաշտոն զբաղեցնել:

-Չէի ասի դժվար է, բայց բարդ աշխատանք է: Աշխատանք, որը պահանջում է համբերություն, զսպվածություն, խոհունություն, հավասարակշռվածություն: Այս ամենի հետ նաև կարևոր մարդկային գործոններ՝ լինել կարեկից, հասկանալ մարդկանց, զգալ նրանց հոգեկան վիճակը, գնահատել և գնահատվել:

5. Տիկին Խաչիկյան, համագործակցու՞մ եք համայնքապետարանի, համայնքի ղեկավարի հետ: Բախումներ կամ դրական քայլեր եղե՞լ են:

-Բախում երբևէ չի եղել: Խոսքս վերաբերում է այսօրվա քաղաքապետին: Մշտապես զգացել եմ համայնքապետարանի աջակցությունը դպրոցին: Անձամբ քաղաքապետի կողմից՝ ուշադրություն դպրոցի և կոլեկտիվի նկատմամբ: Դպրոցի հոգսերով մշտապես կիսվել եմ քաղաքապետի հետ և ամեն անգամ ստացել նրա աջակցությունը: