ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Տպել
Բյուրեղավան քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում: Բյուրեղավանը Կոտայքի մարզի յոթ քաղաքային համայնքներից մեկն է: Բյուրեղավան քաղաքն ունի 10250  բնակիչ, գտնվում է Երևանից 20կմ հեռավորության վրա, Հրազդան գետի կիրճի ձախ  ափին: Որպես բնակավայր Բյուրեղավանը գոյություն ունի 1945 թվականից: Նախկինում կոչվել է Արզնի բանավան, իսկ 1974 թվականին ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ և անվանակոչվել Բյուրեղավան: 1994 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ Բյուրեղավանին  տրվել է քաղաքի կարգավիճակ: Քաղաքի բնակիչները հանրապետության տարբեր շրջաններից են, 1988-92 թվականներին բնակչությունը համալրվել է Ադրբեջանից բռնի տեղահանված հայերով:Խորհրդային տարիներին Բյուրեղավանը հանդիսացել է արդյունաբերական խոշոր կենտրոն: Բյուրեղավանում գործում էին բյուրեղապակու, մարմարի քարերի մշակման, Արզնի հանքային ջրերի, երկաթբետոնե կառուցվածքների գործարաններ,տնաշինական կոմբինատ,երկրաբանական արշավախումբ, գյուղտեխնիկայի և տարաբնույթ ապրանքների հանրապետական բազաներ: Քաղաքը գտնվում է առողջարանային գոտում` «Արզնի» հայտնի առողջարանի անմիջական հարևանությամբ: Օդը մաքուր է, իսկ ջուրը` Նուռնուսի սառնորակ աղբյուրներից է գալիս: Կլիման մեղմ է. ամառը` զով, ձմեռը` ոչ ցրտաշունչ: Քաղաքից երևում են Արարատ, Արագած, Հատիս և Արա  լեռները: