Գալա համերգ-մրցանակաբաշխություն Печать

Մերոնք կրկին աչքի ընկան հրաշալի ելույթներով: Կրկին Գրան Պրիներ ու դափնեկրի կոչումներ Բյուրեղավանի արվեստի դպրոցի սաներին: Մայիս ամսին Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ամենամյա փառատոն՝ մարզի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների միջև: Այսօր արդեն ամփոփում են արդյունքները: Փառատոնի գալա համերգ-մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր Աբովյանի երաժշտական դպրոցի դահլիճում: Համերգին իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և Աբովյանի համայնքապետ Վահագն Գևորգյանը: Բյուրեղավանի արվեստի դպրոցի սաները, ղեկավար Նարինե Զաքարյանի գլխավորությամբ փառատոնի բոլոր փուլերն անցել են բարձր արդյունքներ արձանագրելով: Երաժշտական դպրոցի սրահում կազմակերպվել էր կերպարվեստի ցուցահանդես, որտեղ ներկայացված էին մարզում հաղթող ճանաչված երեխաների աշխատանքները: Համերգից առաջ նորանշանակ մարզպետն ու համայնքի ղեկավարները շփվեցին նկարիչ երեխաների հետ և ծանոթացան նրանց աշխատանքներին: Բյուրեղավանի արվեստի դպրոցի նկարչական բաժնից ներկայացված էր հինգ աշխատանք: Էտյուդներում՝ հիմնականում Ծաղկաձորի բնությունն էր ու Կեչառիս եկեղեցին: Հեղինակներ՝ Անի Հայրապետյան, Նոյեմի Չերքեզյան, Էդգար Հովհաննիսյան, Անգելինա Դիլոյան, Արտյոմ Սահակյան: Հիացած երեխաների աշխատանքներով հյուրերը տեղափոխվեցին դահլիճ՝ դիտելու համերգային ծրագիրը: Բյուրեղավանի արվեստի դպրոցի ազգային նվագարանների անսամբլը ներկայացրեց երկու ստեղծագործություն՝ Ա. Այվազյանի «Երևան» երգը, որը կատարեց Քնարիկ Հովհաննիսյանը և Խ. Ավետիսյանի «Ուրմիացիների պարը»՝ զուռնայի մենանվագը Ռոբերտ Խաչատրյանի կատարմամբ: Ամփոփիչ գալա- համերգի մրցանակաբաշխությանը ելույթ ունեցան անհատ կատարողներ Աբել Իսրայելյանը՝ քամանչա, Արամ Մարդանյանը՝ շվի, Աշոտ Ջումանյանը՝ ուդ, Սարգիս Ասրյանը՝ թառ ազգային նվագարաններ անվանակարգում արժանացան դափնեկիրների կոչումների: Բոլոր հաղթողները մարզի ղեկավարի կողմից ստացան պատվոգրեր ու մրցանակներ: Այս փառատոնի նպատակն է աջակցել մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության որակի բարձրացմանը, ինչպես նաև բացահայտել երաժշտության, նկարչության ու արվեստի այլ ճյուղերում հետաքրքրություններ ունեցող շնորհալի պատանիներին:

09.06.18