Նորանշանակ մարզպետը Բյուրեղավանում Print

Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով Բյուրեղավանի համայնքապետարանում էր: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը ողջունեց մարզպետին՝ նշելով. «Իմ և Բյուրեղավանի համայնքապետարանի կոլեկտիվի անունից շնորհավորում եմ Ձեզ Կոտայքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ բեղմնավոր աշխատանք՝ ի շահ մեր մարզի և Հայաստանի Հանրապետության: Շնորհակալ եմ, որ Ձեր աշխատանքային առաջին այցելության շրջանակներում ընդգրկել եք Բյուրեղավան համայնքը»: Հակոբ Բալասյանը նորանշանակ մարզպետին ծանոթացրեց աշխատակազմին, ենթակառույցների տնօրեններին, որից հետո համայնքի մասին պատմող տեղեկանքը փոխանցեց մարզպետին: Ներկայացրեց վերջին տարիներին համայնքում կատարված աշխատանքների ամբողջ պատկերը: Համայնքում ընթանում են պուրակի կառուցապատման աշխատանքները, իսկ մշակույթի տան հիմնանորոգումից հետո Բյուրեղավանի արվեստի դպրոցը, շախմատի խմբակը և գրադարանը կտեղափոխվեն հիմնանորոգված շենք, որտեղ կլինեն հարմարավետ պայմաններ: Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին զարմացրեց այն, որ Բյուրեղավանի արվեստի դպրոցն ունի 230 սան, հետաքրքրվեց դպրոցի տնօրենից, թե ինչ խմբակներ են գործում: Վստահեցրեց, որ աջակցելու է մատաղ սերնդի դաստիարակությանը վերաբերող ցանկացած հարցին: Ողջունելով ներկաներին`մարզպետ Պետրոսյանը մասնավորապես նշեց. « Շատ ուրախ եմ տեսնելու ձեզ նոր կարգավիճակով: Եկել եմ ասելու՝ այլևս ունենք նոր իրողություններ, քաղաքական կառավարման նոր մշակույթ: Ամեն ինչի կոնտեքստում առավելագույնը կարևորություն ենք տալու ՏԻՄ-երի աշխատանքին: Վստահ եմ, որ Բյուրեղավանի համայնքապետարանի հետ ուս –ուսի տալով կաշխատենք: Հանրապետությունում թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված մթնոլորտը յուրաքանչյուրս պետք է պահպանի՝ իր աշխատանքով, իր ջանքերով ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորություններով : Իմ գործունեության հիմնական մեխը Կոտայքի մարզում լինելու է մարզի բնակիչների վերափոխումը ՀՀ քաղաքացու»: Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը վերջում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին վստահեցրեց, որ պատրաստ է իր թիմով աջակցել և համագործակցել:

04.06.18