Գարնանացանը Ջրաբերում Print

Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում արդեն սկսվել են գարնանացանի աշխատանքները: Բնակավայրն ունի 128 հա վարելահող, մոտ 80 հա նախատեսված է գարնանային ցանքս կատարելու համար: Հիմնականում կատարվում է հացահատիկի՝ ցորենի, գարու, հաճարի ցանքս: Ջրաբեր բնակավայրի վարչական կենտրոնի աշխատակից Մուշեղ Հարությունյանը տեղեկացրեց, որ այս պահին տեղափոխում են 5 տ գարու և 0,5 տ կորնգանի սերմ, որոնք ըստ պահանջարկի կբաշխվեն գյուղացիներին: Ի դեպ, Բյուրեղավանի համայնքապետարանը կտրամադրի տրանսպորտ, որով կլուծի հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութի տեղափոխման հարցը: Տեղեկացնենք նաև, որ Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը մարտի 21-ին աշխատանքային այցով Ջրաբերում էր, նպատակը՝ տեղում ծանոթանալ գարնանացանի աշխատանքներին: Ջրաբերն ունի 98 տնտեսություն, որոնք հիմնականում զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: 53 տնտեսություն զբաղվում է անասնապահությամբ, վերջին տարիներին զարգացում է ապրում խոզաբուծությունը: Այս օրերին այգիներում իրականացվում է պտղատու ծառերի էտման, սպիտակեցման և հողի փխրեցման աշխատանքներ:

23.03.18