Ցուցահանդես «Առագաստ» ակումբում Печать

Բյուրեղավանի «Առագաստ» արվեստի ակումբը գործում է մեկ տարի: Ակումբը ղեկավարում է բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ Հայկազ Խնկոյանը: «Առագաստ» ակումբի անդամները համայնքում ինքնուս մշակութային գործունեություն ծավալող մարդիկ են: Նրանց իսկ նախաձեռնությամբ կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին տիկնիկագործ Ժենյա Սարգսյանի, նկարիչներ Անահիտ Խաչատրյանի, Հերմինե Խանգելդյանի, ասեղնագործ Սոֆյա Լալայանի աշխատանքները: Բացմանն իր ներկայությամբ պատվել էր Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը: Մասնակցում էին մշակույթի, կրթության բնագավառի ներկայացուցիչներ և արվեստը սիրող ու գնահատող քաղաքացիներ: Հակոբ Բալասյանը շնորհավորեց ակումբի անդամներին՝ հավաստիացնելով, որ ինքը ևս կփորձի հնարավորինս աջակցել: Մշակույթի տան բացումից հետո, մեր համայնքում արվեստին մոտ կանգնած մարդիկ հնարավորություն կունենան ներկայանալու իրենց ստեղծագործություններով: Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր աշխատանքները: Սա ևս մեկ անգամ հնարավորություն էր ստեղծագործող մարդուն ներկայանալու և ճանաչում գտնելու հանրության շրջանում: Գոհար Մանվելյանն ու Անուշ Սիմոնյանը ընթերցեցին իրենց գրած բանաստեղծությունները: Պատանի Արմեն Շառյանը կարդաց Հայկազ Խնկոյանի գործերից, դուդուկահար Տիգրան Նիգոյանն իր ընկերների հետ ներկայացրեց մի քանի երաժշտական կատարում: Վերջիններս ևս ակումբի անդամներ են: Ցուցահանդեսը կայացավ, հյուրերի կողմից հնչեցին գովեստի խոսքեր: Բյուրեղավանցիներին հնարավորություն է ընձեռնված ևս մի քանի օր այցելելու ցուցահանդես-վաճառք:

18.12.17