«Մարզական ընտանիք 2017» Տպել

«Հաշվի առնելով Բյուրեղավան քաղաքի մարզադաշտի հարմարավետ պայմանները, ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի Կոտայքի մարզային փուլն արդեն երկրորդ տարին է անցկացվում է Բյուրեղավանում»,- այս մասին իր խոսքում փաստեց Կոտայքի մարզպետարանի սպորտի և մշակույթի բաժնի պետ Արա Սիմոնյանը: Այս տարի ընդհանուր առմամբ մասնակիցների թիվը քիչ է, քանի որ կազմակերպիչ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը ծախսերը նվազեցրել է. հանվել է համայնքային փուլերում հաղթող ընտանիքների ֆինանսական պարգևատրումը: Հաղթող ընտանիքները միայն գումարով կպարգևատրվեն մարզային ու հանրապետական փուլերում: Բյուրեղավանում անցկացվող մարզային փուլը հունիսի 19-ին և 20-ին է: Մրցումների մասնակիցները հանդես եկան պարանի ձգում, բասկետբոլի գնդակի նետում, խաղային փոխանցավազք՝ 80 մետր թենիսի գնդակով, խաղային փոխանցավազք 30 մետր, հեռացատկ /տեղից/ և հրաձգություն օդամղիչ հրացանով մարզաձևերում: Մրցումները համակարգող Արա Սիմոնյանի խոսքերով ակտիվ համայնքներն են Բյուրեղավան, Հրազդան, Նոր Հաճն: Բյուրեղավան համայնքը ներկայացնող Արման Վարդանյանի ընտանիքն առաջին անգամ է մասնակցում այս մրցաշարին. «Սկիզբը դրված է: Նախորդին երեխայի տարիքը թույլ չէր տալիս մասնակցել, այսուհետ ամեն տարի մասնակցելու ենք: Ես գործող ֆուտբոլի մրցավար եմ և այս մարզական խաղերը հնարավորություն է տալիս մնալ տոնուսի մեջ: Ուսուցչուհի կինս էլ մեծ ոգևորությամբ ընդունեց և հիմա մասնակցում ենք»-հարցազրույցի ընթացքում ասաց Արմանը: «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթն անցկացվում է 4 տարիքային խմբերում: Այս մրցույթի նպատակն է՝ անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացում, բնակչության առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացումը:

19.06.17