Եկեղեցու հիմնարկեքը Տպել

Բյուրեղավանցիների համար օգոստոսի 18-ը կրկնակի տոն էր: Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը կամ խաղողօրհնեքը համընկել էր Բյուրեղավանում նոր կառուցվելիք սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնաքարերի օծման արարողության հետ: Բյուրեղավանը Կոտայքի մարզում վերջին համայնքն է, որտեղ կկառուցվի եկեղեցի: Քաղաքի ազգաբնակչությունը երկար է սպասել այս պահին, քանի-որ համայնքը երբեք գործող եկեղեցի չի ունեցել: Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվում է ծնունդով ջավախքցի, եղբայրներ՝ Յուրա և Մխիթար Արոյանների հովանավորությամբ: Նրանք երկար տարիներ բնակվել են Բյուրեղավան քաղաքում և արդեն 28 տարի է մեկնել են Բյուրեղավանից և ապրում են ՌԴ Բարնաուլ քաղաքում: Արոյան եղբայրները կարևորելով կառույցի անհրաժեշտությունը ստանձնեցին ի կատար ածել, այս բարի գործը: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի նախաձեռնությամբ և ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ 2 ամիս առաջ, քաղաքի կենտրոնում սկսվեցին եկեղեցու հիմքի շինարարական աշխատանքները: Օգոստոսի 18-ին, ամեն ինչ կատարվեց ըստ արարողակարգի՝ Կոտայքի թեմի առաջնորդ, սրբազան Առաքել Քարամյանի ձեռամբ և հանդիսապետությամբ օծվեցին 12 առաքյալների և 4 ավետարանիչների անուններով հիմնաքարերը: Սրբվեցին ջրով ու գինով, ապա օծվեցին սուրբ մյուռոնով, որից հետո սրբերի անունները կրող հիմնաքարերը տեղադրվեցին 16 անկյուններում: Եկեղեցու ճարտարապետն է Էդիկ Պողոսյանը: Եկեղեցին ունենալու է 27մ բարձրություն, 160քմ սրահով, կառուցվելու է ծիրանագույն տուֆից, ժամանակակից և միջնադարյան շնչով: Ուրախությունը համընդհանուր էր, քաղաքի բազմաթիվ բնակիչների հետ արարողակարգին մասնակցում էին՝ ԱԺ պատգամավորներ, Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, գործարարներ, մտավորականներ, հոգևոր աշխարի ներկայացուցիչներ: Հակոբ Բալասյանը շնորհավորեց իր համաքաղաքացիներին, շնորհակալություն հայտնեց բարերարներին այս աստվածահաճո գործը հովանավորելու համար և ուրախությամբ փաստեց. << Բյուրեղավանի ավագանու որոշմամբ այսուհետ, այս տարածքում կատարվելու են բոլոր կարևոր միջոցառումները, իսկ օգոստոսի 18-ը նշվելու է որպես քաղաքի օր>>: Հանդիսավոր արարողակարգից հետո հաջորդեց երգն ու պարը: Վերջում ժողովրդին մատուցվեց օրհնված խաղող և սուրբ մատաղ: Տարիներ հետո բյուրեղավանցին աղոթք կհղի առ Աստված իր հոգևոր օրրանում՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

20.08.13.