Մուտք
ՀայերենРусскийEnglish
Անդրանիկ Խաչատրյան PDF Տպել Էլ.փոստ

Մեկ տարի անց…

Ապրիլյան պատերազմից անցել է  մեկ տարի: Օրեր, որ ցավոք սրտի ուրույն ձևով գրվեցին մեր պատմության էջերում: Եվ մեր հերոս տղաները գիտակցված մահով անմահացան: Նրանք արեցին անհնարինն  ու այդ անհնարինի մեջ ամեն մեկն ապացուցեց, որ հերոսականությունն հենց այնպես չի գալիս, այն պետք է լինի արյան մեջ, և որ այն ծնվում է պահի տակ ու պահի թելադրանքով: Բյուրեղավանցի տասնյակ  տղաներ, գտնվելով ժամկետային ծառայության մեջ,  անմիջական մասնակցություն ունեցան և հերոսացան: Մեր հերոսը Անդրանիկ Արմենի Խաչատրյանն է, ով վերջերս ՀՀ ՊՆ կողմից  պարգևատրվեց Գարեգին Նժդեհ մեդալով: Քառօրյա պատերազմի մասնակից Անդրանիկը ծնվել է 1996թ-ի հուլիսի 9-ին՝ Բյուրեղավանում:  2003թ-ին մեր հերոսն ընդունվել է Բյուրեղավանի թիվ 2 դպրոցը, որտեղ ստացել է 9- ամյա կրթություն: Այնուհետև կրթությունը շարունակել է  Աբովյանի կրթահամալիրում, ստացել խոհարարի որակավորում: Դպրոցում սովորելու տարիներին զբաղվել է ըմբշամարտով: Բյուրեղավանի մարզադպրոցի ըմբիշներով մասնակցել են տարբեր մրցաշարերի, Կոտայքի մարզի չեմպիոն է: 2014թ-ի հունվարի 8-ին մեկնել է բանակ՝ հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու:  Անդրանիկ Խաչատրյանը ծառայության է անցել Արցախի պաշտպանական բանակում, Դաշքեսանի շրջանի Արա-Լեռ զորամասի հրետանային գնդում /ռեակտիվ մարտկոց/: Համեստ,  բարի արտաքինով,  առնական կազմվածքով երիտասարդը ներկայացնելով իր ծառայությունը՝ համեստաբար լռում էր, չցանկանալով  մանրամասներ ներկայացնել: Բյուրեղավանցի Անդրանիկը ծառայակից ընկերոջ հետ միասին  ապրիլի 3-ի  լույս 4-ի գիշերը կանխել է ադրբեջանական դիվերսիոն փորձը: «Չարաբաստիկ ապրիլի 2-ին մենք զորամասում էինք, ֆիզիկական պատրաստվածության ժամն էր: Դուրս էինք եկել պարապմունքների, մեկ էլ  կրակոցներ լսեցինք: Արդեն պարզ էր, թե ինչ է կատարվում: Հրաման ստացանք,  իջանք մեզ հատկացված  տեխնիկայի մոտ, սկսեցինք տեխնիկան լիցքավորել, իսկ այդ ընթացքում  թշնամու կողմից կրակը շարունակվում էր:  Ամեն ինչ անսպասել էր… էտ ժամանակ չես գիտակցում ինչ է կատարվում, չես մտածում քո մասին: Մտածում ես ծնողներիդ ու զինակից ընկերներիդ մասին: Ծառայության ժամանակ  4-րդ հրանոթի հրամանատարն եմ եղել և ես պատասխանատու եմ եղել երեք զինվորի կյանքի համար: Փորձել եմ այդ օրերին ամեն ինչ անել, որպեսզի նրանք չընկճվեն: Իմ կյանքում ապրիլյան օրերը մեծ դեր ունեցան, այդ չարաբաստիկ օրերին ես շատ բան սովորեցի. գնահատել կյանքը, սիրել ու պաշտպանել հայրենիքը»:  Համեստ, հետաքրքիր մտածելակերպ ուներ իմ զրուցակիցը, շատ բան չէր պատմում, ասում էր. «ռազմական գաղտնիք է, պետք չի հրապարակել»: Նա իր ընկերոջ հետ հակահարված տալով  թշնամուն և կանխելով  դիվերսիոն փորձն արժանանում է Գարեգին Նժդեհ մեդալի:  Մեր հերոսը 2017թ-ի ձմռանը զորացրվում է և վերադառնում հայրենի օջախ: Գնահատելով հայ զինվորի, այս դեպքում Անդրանիկ Խաչատրյանի հայրենանվեր գործը, համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը նրան  նվիրված մեծարման ցերեկույթի ընթացքում արժանացրեց դրամական պարգևի: «Մեր զինվորներին, ովքեր հիմա սահմանում կանգնած են մաղթում եմ, որ ծառայեն խաղաղ պայմաններում: Սահմանում կանգնած դեմբել տղաներն էլ իրենց սովորածը փոխանցեն նորակոչիկներին, դուխ տան նրանց, որովհետև էտ դուխնա պահում տղերքին»- ժպիտով իր խոսքն ավարտում է հերոսի անունը կրող հերոսը:

18.04.17

 

Այցելություններ

1199676
Այսօր775
Երեկ711
Այս շաբաթ2814
Այս ամիս20205
Ընդամենը1199676