
«Ամեն վայրկյան սպասում էինք հրամանի»
20 ամյա Արման Հրաչիկի Գրիգորյանը բանակ է զորակոչվել ձմռանը և գոհ է, որ ծառայել է Արցախի ՊԲ-ում: 10 ամիս է անցել ապրիլյան քառօրյայից, սակայն ամեն մի դրվագ հիշում է: «Բանակը իսկական տղամարդու տեղ է, ու կարևոր է ծառայելը»-ասում է Արմանը: Ձյուդո մարզաձևի Հայաստանի փոխչեմպիոն է, միջազգային մրցաշարերի մասնակից: Նա ոչ միայն մարզաշխարհում, այլ նաև ծառայության ընթացքում ունի գրանցած հաջողություններ: Փոքրամարմին, ֆիզիկապես ուժեղ երիտասարդը իր ծառայությունը հիմնականում անցկացրել է Ջաբրաիլի մարտական հենակետերից մեկում:
Արման Հրաչիկի Գրիգորյանը ծնվել է 1996 թվականի հուլիսի 19-ին: Ընտանիքով ապրել են Երևանում, հետո տեղափոխվել Բյուրեղավան: 2003թ-ին ընդունվել է Բյուրեղավանի թիվ 2 դպրոցը, որտեղ ստանում է 9- ամյա կրթություն: Արմանը 7 տարեկան հասակից Բյուրեղավանի մարզադպրոցում սկսում է զբաղվել ձյուդո մարզաձևով՝ մարզիչ Հայկ Եղյանի մոտ: Մասնակցել է տարբեր մրցաշարերի, երեք անգամ դարձել ՀՀ ձյուդոյի պատանիների առաջնության փոխչեմպիոն: Պրոֆեսիոնալ սպորտը շարունակելու նպատակով 2012-ին ընդունվում է Գյումրիի Օլիմպիական հերթափոխի մարզական պետական քոլեջ: 2014-ին մասնակցել է Անթալիայում կայացած ձյուդոյի պատանիների առաջնությանը: Նույն թվականին ընդունվում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ: Ուսումը թողնում է կիսատ և 2015-ին մեկնում ՀՀ ԶՈւ: Վեց ամիս Արմավիրի ուսումնական զորամասում ծառայությունն անցկացնելուց հետո տեղափոխվում է Արցախի ՊԲ և զինվորական ծառայությունն իրականացնում Ջաբրաիլում: «Պոլկում էինք, վաշտի հրամանատարը եկավ ու տագնապ տվեց: Մեզ թվաց ուսումնական սովորական տագնապ է: Սովորականի նման սկսեցինք հագնվել, սակայն հրահանգեցին՝ արագացնել: Ապրիլի 2-ի առավոտյան ժամը 7-ն էր: Սկսեցինք տեխնիկան, տանկերը մարտականի բերել: Թշնամին տարբեր զինատեսակներից անընդհատ կրակում էր: Զորամասը կռվի էր բռնվել, իսկ մեր ջոկը երկրորդ գծում ամեն վայրկյան սպասում էր հրամանի: Ամեն ինչով ապահոված էինք, տղերքը դուխով էին: Հասցնում էին և կռվել, և միաժամանակ արկերից խուսափել ու էդպես մինչև գիշեր»- ապրիլյան պատերազմի դրվագներով մեզ հետ կիսվում էր Արման Գրիգորյանը: Ծանր էին հշողությունները, վերապրում էր ամեն վայրկյանը.- «Ապրիլի 2-ի գիշերը գնացել էինք հաց ուտելու: Մեր կամբատը մեխանիկ վարորդի հետ մնացել էր տանկի մեջ ու ինչ-որ աշխատանք էր կատարում: Նրանց արկերն աննդհատ մեր վրա էին գալիս: Արկերից մեկը ընկավ տանկի վրա, որտեղ մեր ընկերներն էին: Կամբատ Հովիկ Մալյանը տեղում մահանում է, իսկ մեխանիկ վարորդը ստանում կանտուզիա: Վազեցինք այդ կողմ, հանգցրինք կրակը, հետո տանկից դուրս բերեցինք մեր ընկերներին»: Ժամկետային զինծառայող Արման Գրիգորյանը պատվով է կատարել հայրենիքի հանդեպ պարտքը: Նա այսօր տանն է ու շարունակում է կիսատ թողած ուսումը .-«Գիտեք, այդ ժամանակ քո մասին չես մտածում: Մտածում ես հարազատներիդ ու ընկերներիդ մասին: Մենք շատ դուխով էինք: Տղաները մեկը մյուսին դուխ էր տալիս»:
«Հիմա կյանքին ավելի լուրջ եմ նայում, քայլ անելուց ավելի երկար եմ մտածում»: Ասում է.- «Ուզում եմ խաղաղություն լինի, պատերազմներ չլինեն: Հիմա իմ եղբայրը ծառայության մեջ է և իր ժամկետային ծառայությունն իրականացնում է հենց իմ զորամասում»: Բազմաթիվ մրցաշարերում աչքի ընկած զինվորն այսօր հպարտությամբ նշում է, որ ինքը հաղթանակած բանակի զինվորն է:
|