
Տավուշի մարզի զորամասից հերթական ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐԸ՝ Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալսյանին: Այս անգամ շնորհակալագրի էր արժանացել մեր համայնքից զինծառայող Արմեն Ռազգոյանը: Կյանքում մարզական հաջողություններ գրանցած երիտասարդը հաջողություններ է ունեցել նաև հայկական բանակում ծառայելու ընթացքում:
Արմեն Սամվելի Ռազգոյան ծնվել է 1996թ-ի դեկտեմբերի 25-ին Երևանում: 2000թ-ին ընտանիքով տեղափոխվել են Բյուրեղավան: 12-ամյա կրթությունը ստացել է Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցում: Դպրոցում սովորելու տարիներին զուգահեռ, զբաղվել է սամբո ըմբշամարտով, մարզվել է Բյուրեղավանի մարզադպրոցում: Միջազգային մրցաշարերի մասնակից է, հանրապետական մրցաշարերի հաղթող: Շուրջ 11 տարի զբաղվում է այդ սպորտաձևով: Բանակում ծառայելու տարիներին Արմեն Ռազգոյանը աչքի է ընկել ֆիզիկական պատրաստվածությամբ: Վազք և ձգում սպորտաձևերից զորամասի հրամանատարությունը նրան պարգևատրել է «Լավագույն մարզիկ» կրծքանշանով: Մարտական հերթապահությունը բարձր մակարդակով իրականացնելու համար արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանին: Եղել է նաև ջոկի հրամանատար: Արմենի զորացրվելուց մեկ օր առաջ համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը ստանում է այս
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐԸ
Հարգելի Բյուրեղավանի համայնքապետ
N զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ՝ հանձին Ձեր համայնքի բնակիչ Արմեն Ռազգոյանի, հայոց բանակի շարքերը հայրենասեր, անմնացորդ ծառայելու պատրաստակամ ու լիարժեք հայրենյաց պաշտպանով համալրելու համար:
Դուք կարող եք հպարտանալ, որ նա պատվով է կրել Հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը և բարեխղճորեն կատարել Հայրենիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը:
Բանակի ուժը որքան պայմանավորված է արհեստավարժությամբ, մարտունակությամբ և սպառազինությամբ, նույնքան ու ավելի երաշխավորված է հասարակ զինվորի ոգեղենությամբ, խանդավառությամբ ու բարոյահոգեբանական վերելքով: Իսկ այդ ոգեղենության և հոգեբանական ամրության ակունքը բանակի հանդեպ ժողովրդի սերն ու հավատն են. Այնտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, Հայրենիքն անպարտելի է…
Երիցս շնորհակալ ենք հայրենանվեր և նպատակասլաց, խոհեմ ու կարգապահ, ընկերասեր և պատվախնդիր, վճռական ու արիական, զինվորական ավագերեցության սկզբունքներն ու պահանջներն ընտանեկանի պես հարգող ու պահպանող հայորդի՝ Հայրենյաց պաշտպան դաստիարակելու համար: Արժանավորին արժանին մատուցելը մեզ համար եղել և մնում է ամենահաճելի ու թանկ պարտավորությունը կյանքում: Թող այս շնորհակալագիրը դառնա Ձեր կատարած հայրենասիրական դաստիարակության առհավատչյան:
Երախտագիտությամբ ու հարգանքով՝
ՀՀ ՊՆ N Զորամասի հրամանատար, գնդապետ
Ս. Խաչատրյան
«Իմ ծառայությունն անցել է շատ լավ, քառօրյայի սկսելու ժամանակ ես դիրքերում եմ եղել, իսկ դրանից առաջ հետախուզություն էի իրականացնում: Անընդհատ կրակոցներ էինք լսում: Վաշտում բոլորս մարտական էինք տրամադրված՝ մեկս մյուսին դուխ էինք տալիս (ժպտում է ու շարունակում), դե առանց դրա չէինք կարա: Չէինք վախենում, ավելի ուժեղացել էր մեր զգոնությունը»:
Փոքրամարմին երիտասարդ, սակայն սպորտային կազմվածք ու լուրջ դեմք, ով խոսելու ընթացքում ինձ չէր նայում: Տղան մտքերով գնացել էր հեռուն: Նա անընդհատ նայում էր պատուհանից դուրս ու այդ կերպ պատմում իր ծառայությունից:
«Ապրիլյան օրերին զորամասում մարդ չի եղել, հիմնականում մարտական դիրքերում էինք ու սպասում հրամանի՝ թշնամու հարձակման դեպքում, պատրաստ հակահարվածի: Երջանկություն է կռիվ տալ հայրենիքի, ծնողների, հարազատների համար: Մեծ պատիվ է իմ համար կրել «Քաջարի մարտիկ» կրծքանծանը: Եթե հարկ լինի, պատրաստ եմ էլի ծառայել»- համեստությամբ նշում է Արմենը:
Մենք հպարտ ենք և ուրախ, որ մեր համայնքում ունենք հայրենիքի պաշտպան Արմեն Ռազգոյանի նման տղաներ:
|