Մուտք
ՀայերենРусскийEnglish
Արմեն Ռազգոյան PDF Տպել Էլ.փոստ

Տավուշի մարզի զորամասից հերթական ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐԸ՝  Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալսյանին:  Այս անգամ շնորհակալագրի էր արժանացել մեր համայնքից զինծառայող Արմեն Ռազգոյանը:  Կյանքում մարզական հաջողություններ գրանցած երիտասարդը հաջողություններ է ունեցել նաև հայկական բանակում ծառայելու ընթացքում:

Արմեն Սամվելի Ռազգոյան ծնվել է 1996թ-ի դեկտեմբերի 25-ին Երևանում: 2000թ-ին  ընտանիքով տեղափոխվել են Բյուրեղավան: 12-ամյա կրթությունը ստացել է  Սամվել Վարդանյանի  անվան ավագ դպրոցում: Դպրոցում սովորելու տարիներին զուգահեռ, զբաղվել է  սամբո ըմբշամարտով, մարզվել է Բյուրեղավանի մարզադպրոցում: Միջազգային մրցաշարերի մասնակից է, հանրապետական մրցաշարերի հաղթող: Շուրջ 11 տարի զբաղվում է այդ սպորտաձևով: Բանակում ծառայելու տարիներին Արմեն  Ռազգոյանը  աչքի է ընկել ֆիզիկական պատրաստվածությամբ:  Վազք և  ձգում սպորտաձևերից զորամասի հրամանատարությունը  նրան պարգևատրել է «Լավագույն մարզիկ» կրծքանշանով: Մարտական հերթապահությունը բարձր մակարդակով   իրականացնելու համար արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանին:  Եղել է նաև ջոկի հրամանատար: Արմենի զորացրվելուց մեկ օր առաջ համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը ստանում է այս

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐԸ

Հարգելի Բյուրեղավանի համայնքապետ

N զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ՝ հանձին Ձեր համայնքի բնակիչ Արմեն Ռազգոյանի, հայոց բանակի շարքերը հայրենասեր, անմնացորդ ծառայելու պատրաստակամ ու լիարժեք հայրենյաց պաշտպանով համալրելու համար:

Դուք կարող եք հպարտանալ, որ նա պատվով է կրել Հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը և բարեխղճորեն կատարել Հայրենիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը:

Բանակի ուժը որքան պայմանավորված է արհեստավարժությամբ, մարտունակությամբ և սպառազինությամբ, նույնքան ու ավելի երաշխավորված է հասարակ զինվորի ոգեղենությամբ, խանդավառությամբ ու բարոյահոգեբանական վերելքով: Իսկ այդ ոգեղենության և հոգեբանական ամրության ակունքը բանակի հանդեպ ժողովրդի սերն ու հավատն են. Այնտեղ բանակն ու  ժողովուրդը միասնական են, Հայրենիքն անպարտելի է…

Երիցս շնորհակալ ենք հայրենանվեր և նպատակասլաց, խոհեմ ու կարգապահ, ընկերասեր և պատվախնդիր, վճռական ու արիական, զինվորական ավագերեցության սկզբունքներն ու  պահանջներն ընտանեկանի պես հարգող ու պահպանող հայորդի՝ Հայրենյաց պաշտպան դաստիարակելու համար:  Արժանավորին  արժանին  մատուցելը մեզ համար եղել և մնում է ամենահաճելի  ու թանկ պարտավորությունը կյանքում: Թող այս շնորհակալագիրը դառնա Ձեր կատարած հայրենասիրական դաստիարակության առհավատչյան:

Երախտագիտությամբ ու հարգանքով՝

ՀՀ ՊՆ N Զորամասի հրամանատար, գնդապետ

Ս. Խաչատրյան

«Իմ ծառայությունն անցել է շատ լավ, քառօրյայի սկսելու  ժամանակ ես դիրքերում եմ եղել, իսկ դրանից առաջ հետախուզություն էի իրականացնում: Անընդհատ կրակոցներ էինք լսում: Վաշտում բոլորս մարտական էինք տրամադրված՝ մեկս մյուսին դուխ էինք տալիս (ժպտում է ու շարունակում), դե առանց դրա չէինք կարա: Չէինք վախենում,  ավելի ուժեղացել էր մեր զգոնությունը»:

Փոքրամարմին երիտասարդ, սակայն  սպորտային կազմվածք ու լուրջ դեմք, ով խոսելու ընթացքում ինձ չէր նայում:  Տղան մտքերով գնացել էր հեռուն: Նա անընդհատ նայում էր  պատուհանից դուրս  ու  այդ կերպ պատմում իր ծառայությունից:

«Ապրիլյան օրերին զորամասում մարդ չի եղել, հիմնականում մարտական դիրքերում էինք ու սպասում  հրամանի՝ թշնամու հարձակման դեպքում, պատրաստ  հակահարվածի: Երջանկություն է կռիվ տալ հայրենիքի, ծնողների, հարազատների համար: Մեծ պատիվ է իմ համար կրել «Քաջարի մարտիկ» կրծքանծանը: Եթե հարկ լինի,  պատրաստ եմ էլի ծառայել»- համեստությամբ նշում է Արմենը:

Մենք  հպարտ ենք և ուրախ, որ մեր համայնքում  ունենք հայրենիքի պաշտպան Արմեն  Ռազգոյանի նման տղաներ:

 

Այցելություններ

1237458
Այսօր518
Երեկ1256
Այս շաբաթ6134
Այս ամիս15936
Ընդամենը1237458