Մուտք
ՀայերենРусскийEnglish
Արման Անդրեասյան PDF Տպել Էլ.փոստ

«Թող տենց օրեր էլ չլինեն մեր կյանքում»

2017-ի հունվարի 9-ին զորացրվեց և հարազատ օջախ վերադարձավ ևս մեկ բյուրեղավանցի զինվոր՝ Արման Անդրեասյանը, ով իր ծառայությունն  անց է կացրել սահմանամերձ Տավուշի  Բերդի զորամասում: 20-ամյա երիտասարդը հպարտությամբ էր ներկայացնում իր ծառայության ընթացքը, երբեմն լռում էր, հետո թեթև ժպտում՝ ասելով. «հավատարիմ եմ իմ երդմանը, ամեն ինչ չէ, որ պիտի ասեմ, որ դուք էլ գրեք»:  Արմանը հայրենիքի իսկական պաշտպաններից է, բայց ժլատ՝ իր խոսքերում: Իսկ ապրիլյան ծանր օրերի մասին ոչինչ  չէր պատմում, միայն ինչ-որ դրվագներ հիշելով ու կարմրած աչքերով  կարճ մի բան ասաց. «Մեր ախպերներն են, ջահել տղերք, թող տենց օրեր էլ չլինեն մեր կյանքում»: Արման Անդրանիկի Անդրեասյանը ծնվել է Բյուրեղավանում՝ 17.07.1996թ-ին:  9-ամյա կրթությունը ստացել է Բյուրեղավանի թիվ 2 դպրոցում: Դպրոցում հայոց լեզու, գրականություն և հայոց պատմություն առարկաներից ստացել է լավ գնահատականներ: Ասում է. « Շատ-շատ սիրում եմ հայոց պատմությունը, ուսումնասիրել եմ մեր թագավորների ու զորավարների կյանքը:  Մեր պատմության ուսուցչուհի ընկեր Վարդանյանը մեզ էդպես էր սովորեցնում. սիրել հայրենիքը, ծանոթ լինել մեր պատմության հերոսական էջերին»: Սովորել է նաև Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարանում, զուգահեռ մասնակցել  հաշվապահական դասընթացների: 2015-ի ձմռանը զորակոչվել է Արցախի ՊԲ: Ստեփանակերտի ուսումնական զորամասում 6 ամիս ծառայելուց հետո տեղափոխվում է Բերդի զորամաս, որտեղ էլ անցնում է ամբողջ ծառայությունը: Արման Անդրեասյանը ծառայության ընթացքում կատարել է իր առջև դրված  բոլոր պարտականությունները: «Ես գոհ եմ իմ ծառայությունից, չնայած որ եղել են դժվար պահեր, երբ  հայրենիքը վտանգի մեջ էր: Ամեն րոպե սպասել եմ հրամանատարներիս հրամանին: Արցախում ծառայող ընկերներ ունեի, ցանկանում էի մարտերի ժամանակ նրանց կողքին լինել: Քառօրյան մեծ հետք  թողեց, ծանր կորուստներ տվեցինք, ինչի պատճառով տղաների հոգիներում ինչ-որ բան խաթարվեց»: Ծառայության ընթացքում Արմանն արժանանում է պատվոգրի՝  բարեխիղճ ծառայության, օրինակելի կարգապահության և մարտական ցուցանիշների համար:

Վերջերս Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը ստանում է շնորհակալագիր Արման Անդրեասյանի զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գյոզալյանի կողմից:

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ

Հարգելի  պարոն Հակոբ Բալասյան

Մեր զորամասի լավագույն մարտիկների շարքում ծառայում է Ձեր համաքաղաքացի՝ Արման Անդրեասյանը, որը կարճ ժամանակահատվածում տիրապետել է իր զինվորական մասնագիտությունը, դարձել ուսման գերազանցիկ և կարգապահ մարտիկ:

Արման Անդրեասյանը բարեխղճորեն կատարում է իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ: Իր զինվորական կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է հանդիսանում ծառայակիցների համար: Նա հրամանատարներին օգնում է ստորաբաժանում կանոնադրական կարգուկանոն հաստատելուն: Նա ակտիվ մասնակցություն է ունենում գնդի հասարակական կյանքում: Սրտանց ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ենք հայտնում Ձեզ՝ Ձեր համաքաղաքացուն որպես հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար:

Ցանկանում ենք Ձեզ քաջ առողջություն և ամենայն հաջողություններ:

Ընտանիքի միակ զավակը հիմա մտածում է միայն մորն օգնելու մասին: Իր հարմար աշխատանք է փնտրում. «Ցանկություն կա մեկնել ՌԴ, որտեղ կաշխատեմ մի քանի տարի, որից հետո կվերադառնամ իմ քաղաք»:

 

Այցելություններ

1198639
Այսօր449
Երեկ513
Այս շաբաթ1777
Այս ամիս19168
Ընդամենը1198639