Մուտք
ՀայերենРусскийEnglish
Նարեկ Պողոսյան PDF Տպել Էլ.փոստ

«Մենք հզոր ենք ու միշտ հաղթելու ենք»

Վաղուց այսպես չէի հուզվել: Նա խոսում էր, պատմում ու վերհիշում: Ամեն ինչ անկեղծ էր: Նրա դատողությունները հայրենիքի ու հայրենասիրության մասին նույնքան անկեղծ էին ու հուզիչ: Զրույցս Նարեկի հետ կարծես ստացվեց:  Համեստ ու բարի ժպիտով մեր հերոսը ապրիլյան քառօրյային ծառայում էր Արցախի ՊԲ-ում:  Նա  Ջաբրայիլում էր: « Ծանր օրեր էին բոլորիս համար,  կորցնում էինք հարազատ մարդկանց, մեր ընկերներին, տղերքին՝ ում հետ շատ լավ օրեր ենք անցկացրել: Դաժան է, երբ իմանում ես, որ նրանք այլևս չկան»:  Նարեկը մի պահ ընդհատում է զրույցը, մտքով հետ գնում, հետո շարունակում  պատմել. «Մենք ծառայում էինք հակաօդային պաշտպանության ուսումնական գումարտակում: Գումարտակում  հիմնականում նորակոչիկներ էին:  Ես սերժանտ էի և ու մի քանի նորակոչիկ զինվորի համար պատասխանատու: Այդ իսկ  պատճառով պետք էր զսպել սեփական հույզերն ու ավելի շատ  ուշադիր լինել, որպեսզի խուճապի չմատնվեն  ու փորձես ժամանակին բացատրել պահի լրջությունը, որ ոչ թե վախենան, այլ ավելի զգոն լինեն: Այդ երկու օրը մենք մնացինք նկուղում, որովհետև մեզ կցված էր հատուկ զենք և այն գործածել  կարող էինք միայն մենք: Զենքը նախատեսված էր օդային հարձակումներից պաշտպանվելու համար: Պահը օրհասական էր ու ամեն վայրկյան կարող էինք այդ զենքը գործածել: Սպասում էինք հրամանի… Այդպես մեկ, երկու օր նկուղում մնալուց հետո, բարձրացանք դիտակետ, որտեղ հերթափոխով լուսացնում էինք»:  Հարաբերական խաղաղ պայմաններում հիմնականում փորել են խրամատներ ու խրամուղիներ, կառուցել նոր դիրքեր,  գումարտակը օգնում էր առաջնագծում ծառայող տղաներին: «Ծանր էր այդ մի քանի օրը: Ծնողներս անհանգիստ, անընդհատ զանգում էին: Ես փորձում էի  հանգստացնել, ասելով, որ ամեն ինչ  լավ է: Մենք ուժեղ ենք: Ուժեղ ենք, քանի որ  զգում էինք, որ համայն հայությունը մեր կողքին է, և միասնականության զգացողությունը մեզ մեծ ուժ էր տալիս: Առաջին հերթին դա զգացինք, երբ կամավորները եկան ու բարձրացան դիրքեր: Թեկուզ ոչինչ չանեին, ուղղակի նրանց ներկայությունը մեզ դուխ էր տալիս: Տեսնում էինք, որ մեծ օգնություն է գալիս: Զգում էինք, որ ողջ հայ ժողովուրդը մեզ հետ է: Հետո մտածում էինք. տա Աստված սրանով ամեն ինչ վերջանա ու պատերազմ չլինի»:  Նարեկն իր մաղթանքներում այդքան շռայլ չգտնվեց, ավելի սառը ու լուրջ հորդորեց ծառայող տղաներին. «Չհուսահատվեք, մտածեք, որ շուտով  զորացրվելու եք ու տուն վերադառնաք: Ուշադիր ու զգույշ եղեք: Դիրքերում երբեք վեճի մի բռնվեք»: Նարեկ Պողոսյանը զորակոչվել է Արցախի ՊԲ 2014թ-ին, վերադարձել 2016թ-ի հուլիսին: Արժանացել է Անդրանիկ Օզանյան գերատեսչական հուշամեդալի: Հիմա շարունակում է ուսումը ՃՇՀԱՀ-ի  տեղեկատվական տեխնոլոգիաներ և ծրագրավորում ֆակուլտետում: Համեստ երիտասարդը երազում է իր մասնագիտությամբ առաջ գնալու մասին: «Ընդհանրապես կյանքում եթե ունեմ նպատակ,  ամեն ինչ անում եմ, որ հասնեմ դրա իրականացմանը և կարծես ստացվում է»:

«Մենք հզոր ենք ու միշտ հաղթելու ենք» այս խոսքերով եզրափակեց իր խոսքը Նարեկ Պողոսյանը:

 

Այցելություններ

1237466
Այսօր526
Երեկ1256
Այս շաբաթ6142
Այս ամիս15944
Ընդամենը1237466