Մուտք
ՀայերենРусскийEnglish
Խանում Օխոյան PDF Տպել Էլ.փոստ

«Կյանքում իմ սկզբունքը՝  սիրել ու սիրվել, լինել կարգապահ ու պարտաճանաչ: Ես ինքս այդպիսին եմ ու պահանջում եմ դիմացինից»:  Հենց սա է նրա կյանքի կարգախոսը, որով ապրում է ու սերունդներ դաստիարակում: Ուղիղ 31 տարի  նույն դպրոցում ու մանկավարժի աշխատանքում: Խանում Անդրանիկի Օխոյան` ծնվել է 1963թ-ին մայիսի 27-ին Վանաձորում: 1965թ-ին ընտանիքով  տեղափոխվել են Աբովյան: Միջնակարգ կրթությունը ստացել է Աբովյանի թիվ 1 դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո մեկ տարի անց ընդունվում է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական  ֆակուլտետը: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո՝ 1985-ին նշանակվում է աշխատանքի Բյուրեղավանի թիվ 1 դպրոցում: Այդ օրվանից մինչ այսօր աշխարագրություն է դասավանդում հենց այս՝ Բյուրեղավանի ավագ դպրոցում, վերջին տարիներին նաև հայ եկեղեցու պատմություն: 1987թ-ին ամուսնացել է իր գործընկեր, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Էդուարդ  Իգնատյանի հետ: Ունի 3 երեխա և 1 թոռնիկ: 2010-2015թթ ՀՀ ԿԳ նախարարության և գերմանական giz կազմակերպության կողմից կազմակերպվել էր մրցույթ՝ բնապահպանական ծրագրերի շրջանակներում, որին 5 տարի անընդմեջ մասնակցում և Բյուրեղավանի ավագ դպրոցն է ներկայացնում տիկին Օխոյանը: 2015-ին՝ այդ մրցույթում լավագույնս ներկայանալու համար արժանանում է մրցանակի ու պատվոգրի: Այս տարի ուսուցչի տոնին Խանում Օխոյանը գնահատվում է նաև Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի կողմից: Երկարամյա մանկավարժական գործունեության և համայնքի հասարակական կյանքին ակտիվ մասնակցության համար արժանանում է շնորհակալագրի:  Նվիրված լինելով իր աշխատանքին՝ ջանք ու եռանդ չի խնայում երեխաների մեջ հետաքրքրություն, սեր առաջացնելու դեպի աշխարահագրությունն ու  հայ եկեղեցու պատմությունը: Դա է վկայում նրա սցենարով նկարահանված ֆիլմը՝«Հիշում եմ և պահանջում»՝  նվիրված  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Byureghavan. am- Մանկավարժի աշխատանքն ուղղակի աշխատա՞նք է Ձեզ համար, թե Աստծո կողմից տված պարգև:

Խ. Օխոյան- Գիտեք, որպես մասնագիտություն ես չեմ ընտրել մանկավարժությունը, ես ընտրել եմ աշխարհագրություն առարկան:  Պրակտիկայի ընթացքում, որն անցկացրել եմ Երևանի թիվ 120 դպրոցում, շփվելով երեխաների հետ հասկացա, որ մանկավարժությունն իմն է: Այդ ժամանակ իմ առջև խնդիր էի դրել. եթե ստացվի պրակտիկաս կշարունակեմ մանկավարժի գործունեությունս, եթե ոչ, ուրեմն կզբաղվեմ այլ գործով: Բարեբախտաբար, ինձ մոտ  հաջող ստացվեց և ես որոշեցի շարունակել: Երևի Աստծու կողմից տրված պարգև էր…

Byureghavan. am- Տիկին Օխոյան, երբ առաջին անգամ ոտք դրեցիք դպրոց, դասարան, ի՞նչ զգացողություններ ունեցաք: Համոզվա՞ծ էիք, որ ճանապարհը դժվարություններով լի է:

Խ. Օխոյան- Ընդհանրապես մանկավարժությունը գեներով է անցնում: Մեր ընտանիքում ուսուցիչ չի եղել և ես չեմ պատկերացրել, որ այսպես կսիրահարվեմ այս մասնագիտությանը: Երբ դասարան եմ մտնում, կարծես մի ուրիշ  աշխարհում լինեմ: Հիմա, երբ հետադարձ հայացք եմ գցում, հասկանում եմ՝ ինձ համար այդ ճանապարհը դժվարին չի եղել, քանի որ սիրով եմ անցել: Ամեն տարի վերջին զանգին,  հպարտության մեծ զգացողություն եմ ունենում, տխրում ու ուրախանում, որ կարողացել եմ ինչ-որ բան տալ իմ սաներին: Նրանք դա հետո են զգում ու գնահատում:

Byureghavan. am-Դասարաններ մտնելիս միշտ նույն տրամադրությա՞մբ եք մտնում, թե յուրաքանչյուր դասարանում տարբեր է:

Խ. Օխոյան –(ժպտում է ու շարունակում) Շատ տարբեր է, մեզ ասում են օրվա պլան գրեք, ես դա չեմ ընդունում, որովհետև համարում եմ ձևական թղթաբանություն: Նույն թեման տարբեր դասարաններում տարբեր եմ ներկայացնում: Օրինակ՝ հայ եկեղեցու պատմության ժամին աշակերտը կարող է այնպիսի հարցադրում անել, որ դասապրոցեսում ուրիշ մթնոլորտ ստեղծվի: Հնարավոր է այդ օրն իմ առարկան չդասավանդեմ, եթե զգամ, որ իմ աշակերտի մոտ հուզական պահ կա: Հաշվի առնելով այդ փաստը, ես դասաժամը կվերածեմ դաստիարակչական բնույթի: Սովորեցնում եմ առաջին հերթին մարդ մեծանալ, հարգանքով վերաբերեն շրջապատին: Միգուցե, այստեղ էլ Աստծո մատը խառն է, որ դասավանդում եմ հայ եկեղեցու պատմություն: Առաջին հերթին երեխան մարդասեր պիտի լինի: Դրա համար մենք պետք է սիրենք մեր մասնագիտությունը, հնարավոր է լավ մասնագետ լինես, բայց վատ մանկավարժ: Երեխան եթե չսիրեց  ուսուցչին, չի սիրի նաև առարկան: Ուսուցչի գնահատականն ի վերջո տալիս է աշակերտը և ծնողը:

Byureghavan. am- Ձեր  դասապրոցեսն ինչպե՞ս է ընթանում:

Խ. Օխոյան- Իմ առարկան՝ աշխարահագրությունը, չոր ու ցամաք չի լինում դասավանդել: Ավելի լավ է աշակերտը մեկ անգամ տեսնի, քան մի քանի անգամ լսի: Ես շրջագայել շատ եմ սիրում և իմ դասերը հիմնականում այդպես եմ անցկացնում: Այդպես երեխան թեման չի մոռանում, իսկ զուտ դասագրքայինը սովորում են, հետո մոռանում: Պետք է համատեղել:

Byureghavan. am- Եթե հնարավոր լիներ կյանքը նորից սկսելու արդյո՞ք դուք կընտրեիք մանկավարժությունը:

Խ. Օխոյան- Առանց երկմտելու, վստահեցնում եմ, որ անպայման կընտրեի մանկավարժի մասնագիտությունը:

 

Այցելություններ

1199687
Այսօր786
Երեկ711
Այս շաբաթ2825
Այս ամիս20216
Ընդամենը1199687