Մուտք
ՀայերենРусскийEnglish
Նարեկ Աղաբաբյան PDF Տպել Էլ.փոստ

«Սիրում եմ  ֆուտբոլ, բայց դարձա դերասան» -իր մասին ասում է Նարեկ Աղաբաբյանը:   Նա տարիներ շարունակ զբաղվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլով, մասնակցել է տարբեր մրցաշարերի, երազել  ֆուտբոլիստ դառնալու մասին, սակայն այնպես է ստացվել, որ հարազատների հորդորով ընդունվել է  Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Սկսենք սկզբից. Նարեկ Վրեժի Աղաբաբյան՝ ծնվել է 1992թ-ի օգոստոսի 15-ին Երևան քաղաքում: Մինչև 7 տարեկան դառնալը Աղաբաբյանների ընտանիքը ապրում էր Երևանում, այնուհետև ընտանիքով տեղափոխվում են Ղազախստան: Սկզբնական կրթությունը ստացել է այնտեղ: 2006թ.-ին վերադառնում են Հայաստան և բնակություն հաստատում Բյուրեղավան քաղաքում: 6-10 դասարանները սովորում է թիվ 2 դպրոցում: Դպրոցում սովորելու տարիներին զբաղվում է սպորտով, խաղում Բյուրեղավանի ֆուտբոլային թիմում, հետո տեղափոխվում Աշտարակի Քասախ թիմ: 2008-2011թթ զբաղվում է ռեկբիով: Եղել է երիտասարդական  հավաքականի ավագը: Խաղացել է նաև մեծահասակների հավաքականում: 2011թ-ին Նարեկը ռեկբիի հավաքականի հետ մեկնում է Դուբայ, մասնակցում ակումբային միջազգային մրցաշարի, որտեղ  Հայաստանը գրավում է  2-րդ տեղը:  Միշտ զբաղվել է սպորտով,  գրանցել հաջողություններ: Սակայն երբևէ չի պատկերացրել, որ  բեմը կհաղթի սպորտին: 2010թ-ին ընդունվում է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը՝ Տիգրան Գևորգյանի կուրսը: 2011-2013թթ ծառայել է  Հայկական բանակում, բանակից զորացրվել է ավագ սերժանտի կոչումով:  Վերադառնալով  բանակից շարունակում է ուսումը Ռաֆայել Քոթանջյանի կուրսում: Ուսանողական տարիներին խաղացել է տարբեր ներկայացումներում, եղել է Լալա Մնացականյանի թատերախմբի անդամ: Հյուրախաղերով մեկնել է Հայաստանի տարբեր մարզեր: 2015թ-ից, որպես դերասան աշխատում է Աբովյանի թատրոնում:  Կինոյում և թատրոնում կերտել է տարբեր կերպարներ, խաղացել  սերիալներում՝« Որոգայթ», «Սիրո գերին», «Սահմանին», «Մայր» և այլն: Նարեկը Հայաստանի կասկադյորների N 1 ասոցիացիայի անդամ է:  Համագործակցել է ռուսական ֆիլմ արտադրողների հետ: Նկարահանվել է «Օրենքից դուրս 2», «Հայրեր», «Երկրաշարժ» ֆիլմերում: Վերջինս էկրաններին դեռևս չի ցուցադրվել: Վերջերս Աբովյանի թատրոնում ներկայացման  պրեմիերա էր՝ Վահան Թոթվենցի  «Կյուրեղ աղայի մահը», որտեղ Նարեկը խաղում էր Ավետիսի կերպարը: Ներկայացումը մեծ արձագանք գտավ թատերասեր հանդիսատեսի շրջանում: Երիտասարդ դերասանը դեռ շատ ծրագրեր ունի: Նրա մեծ ցանկությունն է խաղալ Լևոն Շանթի «Հին Աստվածներ» ներկայացման մեջ և մարմնավորել աբեղայի կերպարը:  Շատ է սիրում Վիլյամ  Սարոյանին, խաղացել է «Պինգ-Պոնգ», «Խաղացողները», «Հե~յ, ով կա այդտեղ» ներկայացումներում: «Բեմն ինձ համար ամեն ինչ է: Չեմ սպասում ծափերի, սակայն ընդունում եմ, որպես շնորհակալություն: Ուզում եմ իմ հանդիսատեսը հասկանա ու ընկալի այն դերերը,  որ խաղում եմ: Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Գուժ Մանուկյան՝ դերասաններ, ովքեր իրենց  հետքն են թողել հայ բեմարվեստում:  Յուրաքանչյուր դերասան ինչպես և ես, մեծագույն հաճույք  եմ զգում, երբ բեմից  զգում  եմ  հանդիսատեսի  հուզմունքն ու  սերը: Ցանկանում եմ, որ ես էլ դառնամ հայ մեծանուն դերասանների գործի արժանի շարունակողը»:

 

Այցելություններ

4329913
Այսօր160
Երեկ1434
Այս շաբաթ1594
Այս ամիս29868
Ընդամենը4329913