Log in
ՀայերենРусскийEnglish
Վարդանյան Մեգալ PDF Print E-mail

Խոսել հայրենիքի հանդեպ սիրո մասին՝ նույն է, թե հաստատել, որ ջուրը հեղուկ է, իսկ կաթը՝ սպիտակ: Հայրենիքին ծառայում են, հայրենիքի համար տառապում են, հայրենիքի համար զոհվում են, բայց շատախոսել նրա հանդեպ սիրո մասին կարող է միայն խորապես անտարբեր մարդը:

ԲՈՐԻՍ ՎԱՍԻԼԵՎ

Նույն Բորիս Վասիլևի խոսքերը համապատասխանում են իմ զրուցակցին: Հենց այդպիսին է նա, ով դժվարանում էր արտահայտվել ու վերհիշել ջոկատի և նրանց կատարած սխրանքների մասին: Սկսենք նրա կենսագրությունից… Մեգալ Հարությունի Վարդանյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Ներքին Չայլու գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում:

1961-1964թթ մեկնել է Սովետական բանակ՝ ծառայության: Ծառայության ընթացքում ստացել է զինված ուժերի 3-րդ կարգի հակաօդային, հրթիռային զենքի մասնագետի որակավորում: Ամուսնացել է 1965թ-ին և ընտանիքով տեղափոխվել Քաջարան: Սովորել և ավարտել է Քաջարանի շինարարական տեխնիկումը:

1965-1971թթ աշխատել է Քաջարանի քաղաքային սովետին կից բնակվարչությունում, որպես կառավարիչ: Լավ աշխատելու համար արժանացել է խրախուսանքի: Մեր հերոսը ինքնուս քանդակագործ է, ունի տասնյակ քանդակներ: Կերտած քանդակների համար արժանացել է պատվոգրերի, նրա մասին տպագրվել են հոդվածներ: 1971թ-ին Մեգալ Վարդանյանը ընտանիքով գալիս ու հաստատվում է Արզնի բանավանում:

1974-ին Արզնի բանավանը անվանակոչվում է Բյուրեղավան: Այդ տարիներին ավանային խորհուրդը նրան նշանակում է տնային կառավարիչ, զբաղվում է նաև ավանի բարեկարգման աշխատանքներով:

1987թ-ին ընտրվել է ժողովրդական դեպուտատների Բյուրեղավանի ավանային սովետի դեպուտատ: Մարտական ուղին… …Սկսվեց Արցախյան շարժումը, և հենց առաջին օրերից նա դարձավ շարժման ջատագովներից մեկը:

1988-ին մի խումբ բյուրեղավանիցի հայրենասեր տղաներով ստեղծում են Կոտայքի «ԱՊԱՎԵՆ» գունդը, որը ղեկավարում էր Վահան Մանուկյանը: Արցախի և Հայաստանի սահմանները պաշտպանելու համար տղաներն իրենց ուժերով ձեռք են բերում զենք ու զինամթերք, որսորդական հրացաններ և այլ ինքնաշեն զենքեր: «ԱՊԱՎԵՆ» ջոկատի տղաները, որի կազմում էր նաև Մեգալ Վարդանյանը հայրենասիրությամբ տոգորված՝ մասնակցել են ինքնապաշտպանական մարտերի.

1990-1992 թթ-ին մասնակցել է Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղի ինքնապաշտպանական մարտերին, 1992թ. սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 13-ը Լաչինի շրջանի «Կոբրա» դիրքերի ինքնապաշտպանական մարտերին, 1993թ. մայիս-հունիս ամիսներին Գորիսի շրջանի Շուռնուխ Կատարի ինքնապաշտպանական մարտերին, 1994թ. հունվար-մարտին մասնակցել է Հորադիզի ազատագրմանը: Եղել է քաջ, խիզախ զինվոր: Մեծ պատասխանատվությամբ և բարեխղճորեն կատարել է իր առջև դրված բոլոր պարտականությունները: Իր որդու՝ Արթուր Վարդանյանի հետ 1992թ-ին մասնակցել է Երասխավանի մարտերին, ով այդ տարիներին ծառայում էր հայոց բանակում: Մեգալ Վարդանյանը ԵԿՄ անդամ է: Ունի տասնյակ մեդալներ ու պատվոգրեր՝ «Մայրական երախտագիտության», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «ԵԿՄ» և այլն: Չնայած տարիքին, նախկին զինվորն այսօր էլ պատրաստ է ծառայել հայրենիքին, փորձը փոխանցել երիտասարդներին և անհրաժեշտության դեպքում նրանց հետ հավասար մարտնչել հանուն հայրենիքի:

 

Այցելություններ

1294755
Այսօր135
Երեկ1131
Այս շաբաթ3429
Այս ամիս23201
Ընդամենը1294755