
Լուսանկարչությունն իմ ապրելակերպն է
Էդգար Մարտիրոսյանը ծնվել է 1981թ. հոկտեմբերի 29-ին, Մարտունիի շրջանի Վարդենիկ գյուղում: 1983թ-ին ընտանիքով տեղափոխվել են Բյուրեղավան: Միջնակարգ կրթությունը ստացել է թիվ 1 դպրոցում, ավարտել գերազանց գնահատականներով: 1999-2003թթ ընդունվել և ավարտել է ԵՊՃՀ-ի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում» ֆակուլտետը: Էդգարը փոքր տարիքից սիրել է ֆոտոխցիկը: Արդեն 9 տարեկանում լուսանկարներում էր. «Դեռ փոքր տարիքից նկարել եմ, նկարում էի այն, ինչ տեսնում էի և ապրում»-ասում է երիտասարդ լուսանկարիչը: Պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ զբաղվում է 2007թ-ից: Ասում է, որ լուսանկարչի մասնագիտությունն իր համար ապրելակերպ է: Նկարում է զգալով, իսկ ինժեների մասնագիտությունը հնարավորություն է տալիս ունենալ ճկուն միտք: Բազմաթիվ լուսանկարներ մրցույթներից, ֆոտոսեսիաներից ու տարբեր միջոցառումներից, որոնք այսօր պահպանվում են նրա անձնական արխիվում: 2011-ին Էդգարը մասնակցել է «ՍԿԱՐՊ» ֆոտոմրցույթին, որտեղ ներկայացվում էր hաշմանդամություն ունեցող անձանց կյանքն ու առօրյան արտացոլող լուսանկարներ: 2013թ-ին Սևադա Ղազարյանի հետ հիմնադրում է 360arm.am կայքը, որտեղ տեղ են գտնում Էդգարի լուսանկարները, սակայն կայքը երկար կյանք չի ունենում: Էդգարի հաջողությունները սկսվում են 2013թ-ից: Իր իսկ նախաձեռնությամբ ստեղծում է 360armenia.am կայքը, որը գործում է մինչ օրս և ամեն պահ թարմացվում է նոր լուսանկարներով: Մասնակցել է FOTOMAN միջազգային մրցույթին: Երիտասարդ լուսանկարչի ամենամեծ հաջողությունը Արևելյան գործընկերության երկրների լուսանկարիչների ֆոտոմրցույթն էր: Մրցույթին մասնակցում էին 7 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանից ներկայացել էին 5 լուսանկարիչ: Էդգարը ներկայացրել էր «Մանուկների մոլորակ» նկարը, ինչն արժանացել էր ժյուրիի ուշադրությանը և հնարավորություն տրվել մեկնել Բելոռուսի Հանրապետություն: Այնտեղ Էդգարը 6 օր մասնակցել է ֆոտոպլեների: Նպատակը՝ յուրաքանչյուր մասնակից իր աչքերով պետք է ներկայացներ տվյալ երկիրը: Բելառուսում Էդգար Մարտիրոսյանի աշխատանքներից յոթն արդեն տեղ է գտել Արևելյան գործընկերության երկրների հրատարակած գրքում: Համաշխարհային մրցույթի շնորհիվ Էդգարը նաև հնարավորություն ստացավ 4 ամիս օնլայն սովորել լուսանկարիչների դպրոցում: Էդգարը Byureghavan.am-ի հետ կիսվելով նշում է. «Հիմա նկարում եմ դիմանկարներ, մինչ ֆոտոսեսիան ուզում եմ հասկանալ մարդկանց էությունը, չէ որ լուսանկարը տվյալ անձի մասին շատ բան կարող է ասել: Ես զգալով եմ նկարում, եթե չեմ զգում ուրեմն չեմ նկարում»: Ասում է նաև, որ իր լուսանկարներում գերակշռում են ուրախ գույները: Մի քանի շնորհակալագրեր ու մրցանակներ ունի երիտասարդ լուսանկարիչը, իսկ նպատակներ շատ շատ են: Բազմաթիվ են նրա լուսանկարները, թե քանիսն է, անգամ Էդգարը չգիտի: Առաջին հերթին մտածում է անհատական ցուցահանդեսի մասին, իսկ հետո ֆոտոխցիկի սուր աչքը ցանկություն ունի փոխանցել պատանիներին: Հետագա անելիքները դեռ առջևում են, սակայն դա չի խանգարում Էդգարին վերցնել իր ֆոտոխցիկը և անմահացնել ամեն մի պահը:
|