Войти
ՀայերենРусскийEnglish
Սարգսյան Ժենյա PDF Печать E-mail

Տիկնիկագործ տիկին Ժենյան Բյուրեղավանի բնակիչ Ժենյա Սարգսյանը պատրաստում է հրաշալի տիկնիկներ: Իր տիկնիկների ու իր աշխարհի մասին խոսելիս նրա դեմքին հայտնվում է ժպիտ: Յուրաքանչյուր տիկնիկի սիրում է յուրովի, քանի որ ամեն մեկի մեջ պատրաստման ընթացքում դնում է սիրտ ու հոգի: Տիկին Ժենյան ծնվել է 1952թ-ին, Արարատի շրջանի Տափերական գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է իրենց գյուղի դպրոցում: 1971-1976թթ-ին սովորել և ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության բաժինը: Ավարտելուց հետո ամուսնացել է, տեղափոխվել Սյունիք և ամուսնու՝ մանկավարժ Անդրանիկ Խաչատրյանի հետ միասին աշխատել Ծավ գյուղի դպրոցում: Նրա խոսքերով՝ իր կյանքի լավագույն տարիներն անցել են Ծավ գյուղում: Բյուրեղավանում բնակվում է 1981թ-ից: Աշխատանքային գործունեությունը Բյուրեղավան քաղաքում սկսել է թիվ 4 մանկապարտեզից: Աշխատել է նաև գունավոր ապակիների արտադրամասում, որպես նկարիչ: Այնուհետև ընդունվել է միջնակարգ դպրոց և արդեն երկար տարիներ զբաղվում է մատաղ սերնդի դաստիարակությամբ: Հիմա Նուռնուսի դպրոցում տարրական դասարանների դասվար է: Տիկնիկներ պատրաստելու արվեստով զբաղվում է շուրջ 1 տարի: Իր հերոսներին ներկայացնում է ամենատարբեր կերպարներով: Ունի ավելի քան 80 աշխատանք, որոնք դեռ հանրությանը չեն ներկայացվել: Երազանքն է՝ կազմակերպել ցուցահանդես, որտեղ կներկայացվեն իր բոլոր աշխատանքները: Համագործակցում է ռուս տիկնիկագործների հետ, նրանցից սովորում այդ արվեստի գաղտնիքները: Որպես հումք օգտագործում է տարբեր սինթեթիկ նյութեր՝ արհեստական բամբակ, զուգագուլպաներ, որոնք մշակման որոշակի փուլ անցնելուց հետո կենդանություն են հաղորդում տիկնիկներին: Յուրաքանչյուր տիկնիկ պատրաստվում է 3 օրից մինչև 1 ամիս ընկած ժամանակահատվածում: «Սիրում եմ իմ տիկնիկներին, նրանց երբեք չեմ վաճառել: Ապրում եմ ամեն մեկով ու եթե նվիրում եմ, անպայման հետաքրքրվում են նրանց հետագա կյանքով»,- ասում է տիկնիկագործ Ժենյա Սարգսյանը: Կար ու ձևը նրա տարերքն է: Մանուկ հասակից զգեստներ է կարում ոչ միայն տիկնիկների, այլ նաև հարազատների համար: Նա ունի իր ուրույն ոճը, երբեք նույն գործը կրկնել չի կարողանում, ամեն անգամ ստանում է տարբեր դիմագծեր ու պատկերներ: Մանկության օրերի հուշերը մեզ հետ կիսելով և հուզվելով պատմում է, որ տատից է իրեն անցել տիկնիկներ պատրաստելու շնորհքը: «Հիշում եմ, երբ ես փոքր էի, տատս ինձ համար փայտից տիկնիկներ էր պատրաստում՝ շորը փաթաթելով փայտի վրա, իսկ դիմագծերը ստանում էինք ածուխից ու կոճակից»: Ժենյա Սարգսյանի համար յուրաքանչյուր տիկնիկ մի պատմություն ունի: Նրանք իր կյանքի անբաժանելի մի մասն են կազմում: Պատրաստվում է առաջիկայում մեծ ցուցահանդեսի: Դեռ շատ աշխատանքներ կյանքի չեն կոչվել ու հիմա աշխատում է հերթով կենդանություն տալ նոր տիկնիկների:

 

Այցելություններ

1236991
Այսօր51
Երեկ1256
Այս շաբաթ5667
Այս ամիս15469
Ընդամենը1236991