Մուտք
ՀայերենРусскийEnglish
Քնարիկ Օհանյան PDF Տպել Էլ.փոստ

Ընկեր Քնարիկը

«Իմ սաներին ընդունում եմ ինչպես իմ թոռնիկներին: Աշխատում եմ տալ այն ամենն, ինչն անհրաժեշտ է երեխային»-այս խոսքերով սկսեց մեզ հետ զրույցը, 46 տարի երեխաների կյանքով շնչող, նրանց հեքիաթային աշխարհն ընկալող, մանկապարտեզի դաստիարակ Քնարիկ Օհանյանը: Քնարիկ Օհանյանը ծնվել է 1946թ-ի ապրիլի 6-ին, Սպիտակի շրջանի Պառնի գյուղում, բանվորի ընտանիքում: Դաստիարակվել է անկեղծ ու բարի միջավայրում: Նույն թվականի օգոստոսին նրանք ընտանիքով տեղափոխվում են Ալավերդու շրջանի Սանահին կայարան: Մեծացել է բազմազավակ ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում: Ավարտելուց հետո ծնողների ցանկությամբ ընդունվել է Ալավերդու բժշկական տեխնիկումը: Մեկ տարի սովորելուց հետո Քնարիկը զգում է, որ ընտրած մասնագիտությունն իր սրտով չէ, սակայն ավարտում է տեխնիկումը, ստանում բուժքույրի մասնագիտություն, չդադարելով երազել մանկավարժի մասնագիտության մասին: 1967թ-ին ամուսնացել է, հարս եկել Բյուրեղավան և 1968-ից աշխատանքի է անցել մանկապարտեզում: Չունենալով մանկավարժական կրթություն, հոգով մանկավարժը կարողանում է անկաշկանդ շփվել մանուկների հետ, հասկանալ նրանց ներաշխարհը:  «Ինձ կանչեցին մանկապարտեզ փոխարինող աշխատելու համար: Եկա և մնացի մինչև օրս»- ասում է նա: Քնարիկ Օհանյանը գրեթե միշտ աշխատել է միջին խմբի երեխաների հետ: Իր աշխատանքը գնահատվել է: Դրա վառ ապացույցն այն պատվոգրերն ու շնորհակալագրերն են, որոնց արժանացել է: 1989թ-ի մարտի 8-ին շրջանային ժողկրթբաժնի կողմից արժանացել է պատվոգրի՝ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների համար: 2002թ-ին երկարամյա անբասիր աշխատանքի համար  քաղաքապետ Արարատ Խանզադյանից ստացել է շնորհակալագիր: 2013-ի դեկտեմբերի 27-ին Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի տնօրեն Էլինա Հայրապետյանը նրան արժանացնում է տարվա լավագույն, կարգապահ դաստիարակ կոչմանը: «Այս պատվոգրերը ինձ պարտավորեցնում են և ես ձգտում եմ անել ավելին: Չեմ սահմանափակվում եղածով»: 3-4 տարի աշխատանք չի ունեցել Քնարիկ Օհանյանը: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ վերանորոգման մեջ էր գտնվում ներկայիս մանկապարտեզը: Երբ նա քաղաքապետ Հակոբ Բալասյանից առաջարկ է ստանում  աշխատել մանկապարտեզում, ոգևորվում և բոլոր ուժերը ներ է դնում այդ աշխատանքում: «Վերջին 2 տարիներին անձնական կյանքում դժվարություններ եմ ունեցել, սակայն ինձ փրկել է իմ աշխատանքը: Երբ ես մտնում եմ խմբասենյակ ու հանդիպում անմեղ, անկեղծ հայացքների, մոռանում եմ թե ցավ, թե տխրություն: Շատ շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր ինձ վստահեցին՝ քաղաքապետին, մանկապարտեզի տնօրենին, մեր կոլեկտիվին»: Վաստակաշատ դաստիարակչուհու հետ այսօր աշխատում է նրա սանը՝ ավագ խմբի դաստիարակ Լուսինե Գրիգորյանը: Նա պատմում է. «Դեռ փոքր տարիքում ասում էի, որ մեծանամ ընկեր Քնարիկի նման եմ դառնալու: Էդպես էլ եղավ, մեծացա ու դարձա: Եսշատ բան եմ սովորել, այսօր արդեն իմ ավագ գործընկեր տիկին Քնարիկից, ինչի համար երախտապարտ եմ»:  Քնարիկ Օհանյանը շարունակում է զբաղվել մատաղ սերնդի դաստիարակությամբ և մնալ  սաների սիրելի ԸՆԿԵՐ ՔՆԱՐԻԿԸ:

 

Այցելություններ

1199675
Այսօր774
Երեկ711
Այս շաբաթ2813
Այս ամիս20204
Ընդամենը1199675