Մուտք
ՀայերենРусскийEnglish
Սարգսյան Սերոժ PDF Տպել Էլ.փոստ

Բազմաթիվ պատվոգրեր ու խորհրդային ժամանակաշրջանի մեդալներ՝ լավ աշխատանքի ու մարդկային արժանիքների համար: Թե՛ սովետական, և թե՛ անկախ Հայաստանի ղեկավարների կողմից իր բազմամյա աշխատանքի համար գնահատված 80 ամյա Սերոժ պապն այսօր ապրում, շարունակում է հաղթահարել կյանքի դժվարությունները և խորհուրդներով փորձում օգնել երիտասարդներին: Սերոժ Եղիշի Սարգսյան՝ ծնվել է 1933թ-ի սեպտեմբերի 15-ին, Ղամարլույի շրջանի Երանոս գյուղում: Ընտանիքում 4 երեխա էին: Նա ավագն էր և հենց մանկուց ընտանիքի հոգսն ամբողջովին իր ուսերին էր վերցրել, քանի որ հայրը հայրենական պատերազմում անհետ կորել էր: Մինչև 2-րդ դասարան սովորել է Դվինի դպրոցում, հետո՝ 1942-ին ընտանիքով տեղափոխվել են Նուռնուս և բնակվել բարեկամի տանը: Նուռնուսում սովորել է մինչև 4-րդ դասարանը: «Հետպատերազմյան տարիներն էին, հայրս չկար, մայրս չէր հասցնում և ես ստիպված թողեցի դպրոցն ու մտա կոլխոզ աշխատելու: Գութան եմ արել, գառներ եմ պահել, շատ դժվար էր, ապրում էինք մի կերպ»,-հիշում է Սերոժ պապը: 20-ամյա երիտասարդը՝ 1953թ-ի նոյեմբերի 16-ին Բյուրեղավանում ( նախկինում Արզնիի տարածք) անցնում է աշխատանքի տարաների գործարանում. «Մազութով ապակի էինք եփում, գազ չկար: 10 տարի ապակու հումք եմ արտադրել»: 1957թ-ին ամուսնանում է իր գործընկերուհի Հերմինե Սոմունջյանի հետ, ով ներգաղթել էր Բեյրութից. «Գործարանում տեսա, հավանեցի: Լավ աղջիկ էր ու շատ էլ ուզողներ ուներ: Էն ժամանակ ման գալ, ընկերություն անել, տենց բաներ չկար, բայց հիմա լավա որ կա: Առանց կնոջ, շատ դժվար է, 2001-ից մենակ եմ»,-տիկնոջ մասին խոսելիս աչքերը փայլեց, իսկ հետո լցվեց արտասուքով: Սերոժ Սարգսյանը 1964թ-ին թողնում է աշխատանքը և մեկնում Ռոստով: Այնտեղ 3 ամիս շինարար աշխատելուց հետո վերադառնում է: Մեր հերոսը` Բյուրեղավանի ամենահին բնակիչներից է և առաջին շինարարը, ով Բյուրեղավանի ապակիների գործարանի շինարարական աշխատանքների հիմքն է դրել: Բացի գործարանի կառուցման շինարարական աշխատանքներից, հետագայում մինչև խորհրդային կարգերի փլուզումը նույն գործարանում աշխատել է որպես բանվոր, հետո բրիգադավար: «Երբեք չեմ զղջացել իմ կատարած աշխատանքների համար, հնարավորինս օգտակար եմ եղել ժողովրդիս ու հասարակությանը: Հիմա երիտասարդները նրբանկատ չեն, մեծահասակներին չեն հարգում: Շատ եմ ցանկանում, որ այդ բացը լրացվի: Մեր ժամանակ հարգանք կար»-ցավով ասում է Սերոժ Սարգսյանը: 2002թ-ին նա մեկնում է ԱՄՆ և 11 ամիս ապրելուց հետո վերադառնում է հայրենիք. «Կարոտը ստիպեց վերադառնալ: Աղջկաս ընտանիքի հետ էի ապրում, չէի ցանկանում նրանց նեղություն տալ: Հետո ես սիրում եմ իմ հայրենիքը, քաղաքը որտեղ ապրում եմ: Ես հին մարդ եմ ու այնտեղ իմ համար դժվար էր»,- եզրափակում է Սերոժ պապը: Նա ունի 3 երեխա, 6 թոռ և 8 ծոռ: Ապրում է որդու ընտանիքի հետ և վայելում վաստակած հանգիստը: «Ղեկավարներին ուժ: Շատ եմ ուրախանում որ մեր քաղաքում՝ Բյուրեղավանում, տեսնում եմ նոր կառույցներ: Թող առողջ լինեն, որ կարողանան հաղթահարեն դժվարությունները»:

 

Այցելություններ

1199680
Այսօր779
Երեկ711
Այս շաբաթ2818
Այս ամիս20209
Ընդամենը1199680