Մուտք
ՀայերենРусскийEnglish
Թելյան Սոնա PDF Տպել Էլ.փոստ

Անուններ կան, որոնք հետք են թողնում հարազատ քաղաքի պատմության էջերում: Բարի, անկեղծ, անսահման հոգատար ու բազում մարդկային  հատկանիշներով է օժտված «Քաղաքի մարդիկ» էջի այս անգամվա հերոսը՝ Սոնա Թելյանը: Ծնվել է 1939թ-ին Ադրբեջանական ՍՍՀ-ի Կիրովաբադ քաղաքում: 1947թ. ընդունվել է տեղի հայկական մասի՝Մյասնիկյանի անվան թիվ 13 դպրոցը: 1956-57թթ սովորել  և ավարտել է միջնակարգ դպրոցը, ստացել 10 –ամյա կրթություն: Դպրոցն ավարտելուց հետո 1 տարի հաճախել է սպայական հաշվապահական կուրսերի, ստացել արդյունաբերական հաշվապահի որակավորում:  1961թ-ին տեղափոխվելով Վարդենիս 2 տարի սովորում է այնտեղի հիվանդանոցին կից բացված քույրական ուսումնարանում: Այդ տարիներին Սոնա Թելյանն աշխատում էր նաև շրջանային դեղատանը որպես գանձապահ, հաշվապահ: Ամուսնանալուց հետո  ընտանիքով  մեկնում են Ալավերդի քաղաք, որտեղ նա  աշխատանքի է անցնում պոլիկլինիկայում և ստանձնում բուժքրոջ պարտականությունները: Այստեղ մի քանի տարի ապրելուց հետո՝ 1965թ-ի հուլիսին բնակություն են հաստատում Աբովյանի շրջանի ապակու տարաների գործարանի բանավան, ներկայիս Բյուրեղավան քաղաքում: Նույն տարում ընդունվում է տեղամասային հիվանդանոց, որպես հերթապահ բուժքույր, հետո աշխատել մանկական  կոնսուլտացիայի թերապևտիկ բաժանմունքում` որպես  բուժքույր: 1971-75թթ հեռակա ուսանել է Երևանի բժշկական ուսումնարանում: Երկար տարիներ եղել է ավագ քույր: Իր սիրելի մասնագիտությամբ աշխատել է մինչև 1994թ-ը:  Շուրջ 37 տարի, ամեն օր, օգնել ու  հոգատար վերաբերմունքով աջակցել է  մարդկանց: Նրան միշտ մտահոգել է այն փաստը, որ երեխաները ստանան հոգևոր սնունդ, տեղյակ լինեն ազգային արժեքներին: Նրա անմիջական ջանքերով բացվեց  Բյուրեղավանի երաժշտական դպրոցը: 1972թ-ի օգոստոսից սկսեց   զբաղվել կարևոր և հայրենանվեր աշխատանքով: Այդ տարիներին, դիմում է բոլոր պատկան մարմիններին և նրա շնորհիվ Բյուրեղավանում բացվում է Նոր Հաճընի երաժշտական դպրոցի մասնաճյուղը: Չունենալով շենքային պայմաններ,  պարապմունքներն  անցկացրեցին Սոնա Թելյանի և պարապող երեխաներից մեկի  բնակարանում,  այսպես ավելի քան 2 տարի մինչև մանկապարտեզի տարածքում բացվեց դպրոցը: Վաստակաշատ բուժքրոջը Բյուրեղավանում բոլորն են ճանաչում: Նա տնից տուն անցնելով հավաքագրում էր երեխաների, որպեսզի երաժշտական կրթություն ստանային. «Ծնողները չէին գիտակցում, որ բացի միջնակարգ դպրոցի գիտելիքներից երեխաներին անհրաժեշտ էր մշակութային դաստիարակություն: Նրանք պետք է հասկանային ինչ է արվեստը»-հիշում է տիկին Թելյանը և հավելում. «Մեր սրտացավ աշխատանքի շնորհիվ երեխաների թիվը 10-ից հասավ 100-ի»: Սոնա Թելյանը երաժշտական դպրոցի հիմնադիրներից մեկն է, մի քանի տարի աշխատել է նաև դպրոցում՝գործավար, գրադարանավար, տնտեսվար: Այս փաստը նրա կյանքի կարևոր էջերից է.«Ես ուրախ եմ, որ իմ ջանքերը զուր չանցան, որովհետև տասնյակ սերունդներ ստացան և շարունակում են ստանալ երաժշտական կրթություն: Իսկ ամենակարևորն այսօր այն է, որ դպրոցը հուսալի ձեռքերում է»:  Մեր հերոսը սրտի ցավով նշեց, որ հիվանդ լինելու պատճառով չէր կարողացել մասնակցել երաժշտական դպրոցի 40 ամյակին, բայց   ուրախությունը մեծ է եղել, որ իրեն հրավիրել են. «Ինձ չեն մոռացել, ինձ միշտ հիշում են»: Բարի ժպիտով ու բարի հայացքով հոգատար մայրիկը, 74-ամյա Սոնա Թելյանը, այսօր   իր երեխաների ու թոռների ու ծոռների կողքին վայելում է վաստակած հանգիստը:

 

Այցելություններ

1237466
Այսօր526
Երեկ1256
Այս շաբաթ6142
Այս ամիս15944
Ընդամենը1237466