Մուտք
ՀայերենРусскийEnglish
Ջամբազյան Պողոս PDF Տպել Էլ.փոստ

Վաստակաշատ վարպետը

Բյուրեղավան քաղաքում ճանաչված և հարգված անուն: Արմատներով Մուսա լեռցի վարպետ  Պողոս Ջամբազյանը ծնվել է 1948թ. հուլիսի 7-ին Ստեփանավանում: Նրա ծնողները 1947թ-ին, բազմաթիվ հայրենասեր ընտանիքների նման թողնելով իրենց բարեկեցիկ կյանքը, ներգաղթում են Հայաստան և վերջնականապես 1950 թվականին բնակություն հաստատում Արզնի ավանում` այժմ արդեն Բյուրեղավան: Ի դեպ, վարպետի հոր` Կիրակոս Ջամբազյանի ձեռքերով են կառուցվել Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցը, 1–ին մանկապարտեզը, Բյուրեղավանի այժմյան հիմնական դպրոցը, Արզնի առողջարանը և բազմաթիվ բնակելի շենքեր: Նա շինարար վարպետ էր: Լինելով այսպիսի հոր զավակ  Պողոս Ջամբազյանը մեծ կարևորություն է տալիս կրթությանը և որակյալ մասնագետ լինելուն: Նա միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի երեկոյան դպրոցում: Սովորելու հետ մեկտեղ ձեռք է բերել խառատ-փականագործի մասնագիտություն և աշխատել Գիտությունների ակադեմիայի օրգանական քիմիայի ինստիտուտում` որպես մեխանիկ: Արդեն 19 տարեկանում նա ուներ 5-րդ կարգի խառատ-փականագործի որակավորում: 1967-1969թթ. ծառայել է սովետական բանակում և քաջ ծանոթ է եղել մարտական զենքերին: Լինելով Կիրակոս և Հայկուհի Ջամբազյանների վեց երեխաներից ավագը, սիրասուն մոր վաղաժամ մահից հետո, իր փայլուն հեռանկարները մի կողմ դնելով, կանգնեց ընտանիքի բարօրության կողքին: Ծնողներից ժառանգելով ազնվություն և մարդասիրություն` նա սատար եղավ ոչ միայն իր քույրերին և եղբայրներին, այլև շատ ու շատ երիտասարդների, սիրով և անշահախնդրությամբ փոխանցելով  իր մասնագիտական փորձն ու գիտելիքները: «Շուրջ 50 տարի նույն գործին եմ ու երբեք չեմ զղջացել: Իմ աշխատանքով հնարավորինս օգտակար եմ եղել ժողովրդիս ու հասարակությանը»-ասում է վարպետը: Երկար տարիներ վարպետ Պողոսը աշխատել է Բյուրեղավանի «Հայապակի» արտադրական միավորման 2-րդ արտադրամասում: Նրա շուրջը միշտ աշխատանքային եռուզեռ է տիրում: Նրա պատրաստած դետալներն այնքան որակյալ և ճշգրիտ են, որ երբեք խոտան չեն լինում: Աշխատանքի նկատմամբ լուրջ վերաբերմունք ցուցաբերելու, ժամանակին իր առջև դրված խնդիրները բարձր որակով կատարելու համար բազմիցս արժանացել է խրախուսանքների: «Ինձ համար կարևոր չեն պատվոգրերը, ես դրանցից չեմ ոգևորվում, կարևոր է այն, որ ես ռեալ օգուտ եմ տալիս արտադրությանը»-ասում է վարպետը: Լավատեսությամբ լցված, համեստ, հոգևոր արժեքների ջատագով վարպետ Պողոսը նշում է. «Հպարտ եմ, որ հայրենադարձ եմ: 1965թ-ին մասնակցել եմ Մեծ Եղեռնի 50-ամյակին նվիրված երիտասարդական շարժմանը»: Մուսա լեռցու զավակ, հայրենասեր վարպետը արցախյան պատերազմի տարիներին իր գիտելիքներն օգտագործում է մարտական զենքերի վերանորոգման գործում: Այս անխոնջ վարպետը ցերեկները չկտրվելով իր առօրյա գործից, գիշերները գաղտնի զբաղվում է հերոս ազատամարտիկների հայթայթած զենքերի վերանորոգմամբ, որոնք ուղարկվում էին ռազմաճակատ: Այս կարևոր գործը վստահված էր վարպետ Պողոսին: Անկախությունից հետո առաջին զինվորական շքերթին նախապատրաստվող զրահամեքենաները վերանորոգելու  գործում նույնպես մասնակից է եղել: Այս տարի նշվեց վարպետ Պողոսի 65-ամյակը: Նա իր սիրելի կնոջ և դստեր հետ վայելում է շրջապատի հարգանքն ու համակրանքը: Այս բարի դեմքով մարդու մասին կարելի է շատ բան ասել: Նա ապրում է Բյուրեղավանի հաջողություններով. «ՈՒրախ եմ, որ գործում է վերանորոգված, շքեղ մանկապարտեզը, փողոցները լուսավոր են և կառուցվում է եկեղեցի»-ասում է վարպետ Պողոսը: Նա այժմ աշխատում է «Գլաս ՈՒորլդ քամփնի» գործարանում` իր մասնագիտությամբ: Իսկ մեզ մնում է ասել. շնորհավոր տարեդարձդ, սիրելի վարպետ, ապրես առողջ և երկար տարիներ:

 

Այցելություններ

1199685
Այսօր784
Երեկ711
Այս շաբաթ2823
Այս ամիս20214
Ընդամենը1199685