Մուտք
ՀայերենРусскийEnglish
Սիլվա Մուկոյան PDF Տպել Էլ.փոստ

Սիլվա Սերգեևնա` «Դաշնամուրն իմ տարերքն է»

Իր կենսագրության շուրջ 50 տարին  անմնացորդ նվիրումով դաստիարակում և կրթում է մատաղ սերնդին նրանց մեջ սերմանելով, կյանքում բարի լինելու կարևորությունը: Նա սիրում է  իր աշխատանքը և նվիրված է իր գործին: Ըստ Սիլվա Մուկոյանի, ցանկացած երեխա գոնե մի քանի տարվա  երաժշտական կրթություն պետք է ունենա, որովհետև վերջիններս իրենց կյանքում չարություն չեն գործում: Մասնագիտությամբ  դաշնակահար Սիլվա Մուկոյանը  ծնվել է 1946թ-ի դեկտեմբերի 2-ին Թբիլիսիում` ծառայողի ընտանիքում: Միջնակարգ կրթություն  ստացել է Թբիլիսիում, դրան զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցում, դաշնամուրի բաժնում: Ընտանիքում 4 երեխա են, նրանցից 3-րդը մեր հերոսն է: Սիլվա Մուկոյանը փոքր տարիքից սիրել է դաշնամուր. «Որտեղ դաշնամուր էի տեսնում ձեռքերս սկսում էին դողալ»- ասում է նա և հավելում, «10 տարեկան էի, երբ հայրս անակնկալ  մատուցեց և գնեց դաշնամուր: Կարելի է ասել իմ երազանքը կատարվեց»: Սովորել է Թբիլիսիի երաժշտական ուսումնարանում՝ 1965-1968թթ-ին, միաժամանակ դասավանդելով երաժշտական դպրոցում: Ուսումը շարունակելու նպատակով 1968թ-ին գալիս է Հայաստան, ընդունվում Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը: Ուսումը պատճառ է հանդիսանում, որ նա մնա և շարունակի  աշխատել հայրենիքում: Արտասուքն աչքերին հիշում է. «Մայրս երաժշտությունից գաղափար չուներ, շատ խստապահանջ կին էր,  ուզում էր, որ ես լավ սովորեի: Նա նստում էր կողքիս և ես պարապում էի դաշնամուր: Սկսում էի նվագել, իսկ մայրս լուցկու հատիկները դաշնամուրի ստեղնաշարի  աջ կողմում հավաքում էր հետո, երբ ավարտում էի՝ լուցկու հատիկները տեղափոխում էր ձախ կողմ,  որպեսզի հաշիվը չխառներ, թե ես 2 ժամվա մեջ մեկ երաժշտությունը քանի անգամ եմ նվագում»: Աշխատել է Սևան քաղաքի երաժշտական դպրոցում որպես ուսմասվար: 1976թ-ից 1979թ-ը աշխատել է Բյուրեղավան քաղաքի արվեստի դպրոցում, որպես  դաշնամուրի ուսուցչուհի, այնուհետև  ուսմասվար: 1993թ-ից արվեստի դպրոցի տնօրենն է: Այդ  տարիներին դժվար էր  պատասխանատվություն վերցնել ուսերին ու հաղթահարել բոլոր խնդիրները: Տիկին Մուկոյանը ինչպես կոչում են նրան՝ Սիլվա Սերգեևնան կարողանում է փոքր կոլեկտիվում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ մինչև օրս հաջողությունների են հասնում, այդ են վկայում պատվոգրերն ու շնորհալագրերը Կոտայքի մարզպետարանի, Բյուրեղավանի քաղաքապետարանի կողմից: Նա փաստում է. «Բյուրեղավան քաղաքը հոգեհարազատ է ինձ, բյուրեղավանցիները դարձել են իմ բարեկամները: Այստեղի բնակիչները սիրում են մշակույթ և հնարավորության սահմաններում օգնում են, իսկ քաղաքապետ Հակոբ Բալասյանն առանձնակի ուշադրություն և հատուկ վերաբերմունք է ցուցաբերում դեպի մեր դպրոցը: Քաղաքում բարի մթնոլորտ է»: Սիլվա Մուկոյանի ամենամեծ ցանկությունն է աշխատել հարմարավետ, գեղեցիկ երաժշտական դպրոցում: Նա որտեղ էլ որ աշխատել կամ դասավանդել է, առանձնահատուկ սեր և հետաքրքրություն է առաջացրել դեպի երաժշտությունը:

 

Այցելություններ

1199680
Այսօր779
Երեկ711
Այս շաբաթ2818
Այս ամիս20209
Ընդամենը1199680