Log in
ՀայերենРусскийEnglish
Նարե Սահակյան PDF Print E-mail

Մեր Նարեն…

«Մի բան, որ ամենակարևորն եմ համարում իմ կյանքում կրթություն ստանալն է»,-ասում է Նարե Սահակյանը, ով ունի աշխարհինն այելու իր սեփական դիտակետը:  Նա ուզում է  լավ իմանալ  արվեստ և փիլիսոփայություն, լինել առաջիններից մեկը այն ոլորտում, որտեղ կա: Նարեն դպրոց է հաճախել 5 տարեկանից, սովորել է Բյուրեղավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում : Դպրոցին զուգահեռ ավարտել է Բյուրեղավանի արվեստի դպրոցի դաշնամուրի բաժինը: Նրա խոսքերով այս դպրոցը ևս մեծ ազդեցություն է ունեցել՝ տալով նրան երաժշտության զգացողություն: Եղել է Մշակույթի տան «Երիտասարդություն» թաթերախմբի անդամ: Դպրոցում սովորելու տարիներին Նարեն մասնակցել է տարբեր օլիմպիադաների և հասել մինչև հանրապետական փուլ: 2008թ-ին Ե.Չարենցի տուն թանգարանի և ՀՀ գրողների միության կողմից կազմակերպված, գրողին նվիրված ասմունքի փառատոնին արժանացել է 2-րդ պատվավոր մրցանակին: Նարեն լրագրողի մասնագիտությունը ընտրեց, երբ սկսեց  հեռուստատեսությունում լինելը: 2003-2008թթ «Աբովյան» հեռուստաընկերությունում նա  վարել է «Հեքիաթային մոլորակ» մանկական հաղորդաշարը, այնուհետև «Ապագան մեր մոլորակից» մշակութային նախագիծը, որի հեղինակը հենց ինքն էր: 2009թ-ին Նարե Սահակյանը ընդունվում է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի լրագրության բաժինը: Այս պահին նա աշխատում է դիպլոմային աշխատանքի վրա թեման՝ «Հանրային ոլորտ և մեդիա»: Համալսարանում բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար, նրան ներկայացնում են Հակոբ Կարապենցի անվան կրթաթոշակի: Մեր հերոսը՝ անցյալ տարի ընդունվեց  Ժամանակակից արվեստի ինստիտուտ «Արվեստի տեսություն և պատմություն» մոդուլը: «Եթե շատ աշխատեմ, միգուցե կարողանամ արվեստի քննադատություն անել, չնայաժ երևի դրա համար ահագին ժամանակ ու կրթություն բաց եմ թողել»,-ասում է նա: Կոնտրաբաս է  նվագում: «Սիրում եմ էդ ձայնը` ցածր, հիմնային, թվում է, թե մեծ նշանակություն չունեցող, բայց փորձեք մի բան առանց կոնտրաբասի լսել, կթվա, թե գետինը տակից գնում է, կամ ջութակը անտուն է»,- ժպտում է «տղամարդկային» գործիքով աղջիկը: Նարեն որպես լրագրող աշխատել է  տարբեր լրատվական կայքերում, հիմա «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցում է` որպես հանրային կապերի մասնագետ, միաժամանակ բլոգ է վարում՝ womennet.am-ում: Օրանժի գրքի մրցանակը, որն մասնակցել է մեր հերոսը,  անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Մրցույթը կոչված է ժամանակակից, սկսնակ հայ գրողների անտիպ ստեղծագործությունները ներկայացնել հանրությանը, որոնցից լավագույները տպագրվում են: Նարեն մրցույթին ներկայացրել է մի պատմվածք՝«Համոյի սիրած ծաղիկը» : Orange Գրքի մրցանակ 2012-ի համար ընդհանուր թվով ներկայացվել էր 470 մասնակցության հայտ` տարբեր ժանրերի համար:  Մրցանակաբաշխության ընթացքում ամփոփվեցին մրցույթի արդյունքները և հայտարարվեցին հաղթողների անունները: Նարե Սահակյանի գործը  ճանաչվեց լավագույնը` պատմվածքի ժանրում և արժանացավ մրցանակի` դրամական պարգև և պատմվածքն  անվճար տպագրելու իրավունք: Հեղինակի բնորոշմամբ «Համոյի սիրած ծաղիկը» պատմվածքը «մի քաղաքի չհասկացված լռության մասին է: Այս հանրության մեջ ապրում են մարդիկ, ովքեր չեն երկխոսում: Սա մի ամբողջ քաղաքի հայացքները իր վրա հավաքած թարթիչների պատմությունն է: Սա ամբողջ կյանքով ձգվող պատարագի պատմություն է, որի բառերն այդպես էլ չես հասկանում»: «Բյուրեղավանի հետ զգացմունքային տարբեր թելերով եմ կապված, իմ մթնոլորտը ինչ-որ առումով էս քաղաքով է պայմանավորված, ինձ կարևոր է, թե ինչ են մտածում մարդիկ այստեղ»: Նարեն կարևորում է իր ընտանիքի դերը, իր կայացման գործում, նշելով.«Ընտանիքս է իմ մտածողությունը ձևավորել, ըստ էության  ինչպես բոլորի ընտանիքները իրենցը: Իմ բախտը բերել է: Ես ազնիվ արժեքներ ունենալու կարևորությունը վերցրել եմ իմ ընտանիքից»:

Մերի Կարապետյան

13.04.13

 

Այցելություններ

4381866
Այսօր597
Երեկ2208
Այս շաբաթ7615
Այս ամիս29725
Ընդամենը4381866