Մուտք
ՀայերենРусскийEnglish
Վահրամ Նիգոյան PDF Տպել Էլ.փոստ

Քեզ միշտ սիրով կհիշենք

Վահրամ Ժորայի Նիգոյան: Ծնվել է 1972թ-ի դեկտեմբերի 3-ին, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում: 4 ամսական հասակում ընտանիքով տեղափոխվել են Բյուրեղավան: 1980թ-ից սովորել է Բյուրեղավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Զբաղվել է տարբեր մարզաձևերով, բայց ամենից շատ սիրել է լողը` արժանանալով մի շարք պատվոգրերի: Խելացի և ուշիմ աշակերտ էր, երազում էր դպրոցն ավարտելուց հետո բժիշկ դառնալ, սակայն հանգամանքների բերումով ընդունվեց և ավարտեց Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը` դառնալով լողորդ: Ուսանողական տարիներին ուսման հետ համատեղ աշխատել է Բյուրեղավանի թիվ 2 միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Ինստիտուտն ավարտելուց հետո` 1994-1996 թվականներին, ծառայել է հայկական բանակում: Ֆիզիկապես ուժեղ էր, առողջ, իսկական մարզիկ: Ուներ մի շարք նախասիրություններ. զբաղվում էր նկարչությամբ, սիրում էր աֆորիզմներ կարդալ, հետաքրքրվում էր փիլիսոփայությամբ, շախմատի գիտակ էր, պատրաստում էր փոքրիկ հուշանվերներ, ազատ ժամանակ զբաղվում էր այգեգործությամբ: Կնոջը` Աննային, տեսել է պատահմամբ, սիրահարվել և ամուսնացել են 2000թ-ին: 2001թ-ին ծնվել է առաջնեկը` Տիգրանը, ով շատ նման ու շատ տարբեր է իր սիրելի հայրիկից: «Հոգատար, սիրող ամուսին էր, սիրասուն հայր…»,-ասում է Աննան` ցույց  տալով փոքրիկ թղթի կտորի վրա Վահրամի ձեռագրով գրված հետևյալ տողերը. «Սիրո համար բաժանումը նույնն է, թե կրակի համար` քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքում», ու կոկորդը խեղդող արցունքները թույլ չեն տալիս ավարտին հասցնել սկսած նախադասությունը: Ծանր է դեռ չսպիացած վշտի ու ցավի կսկիծը, ծանր են որդեկորույս մոր հիշողությունները իր միակ որդու մասին. «Վերջին տարիներին Վահրամս շատ թախծոտ ու ինքնամփոփ էր, կարծես մի ծանր կանխազգացում տանջում էր հոգին, բայց չնայած դրան ուշադիր և ծնողասեր զավակ էր, քույրերին անսահմանորեն նվիրված եղբայր, անչափ բարի ու ներողամիտ»: Չափազանց ընկերասեր էր, բոլորին դիմել է «ընկեր ջան», «ախպեր ջան» բառերով: Ուրախացել է ընկերների ամենափոքրիկ ձեռքբերումներով և տխրել յուրաքանչյուրի անհաջողությամբ: Ինչպես հիշում են մտերիմ ընկերները, կյանքում առաջնորդվում էր հետևյալ սկզբունքով. «Կարողացիր ընկեր լինել ընկեր չես կորցնի, կգտնես»: Նենգ ու անբուժելի հիվանդությունը  թույլ չտվեց Վահրամին բոլորել 40 տարին` վաղաժամ բաժանելով նրան իր սիրելի ընտանիքից, ծնողներից, ընկերներից ու հարազատներից: Հեռացավ կյանքից` թողնելով բազմաթիվ կիսատ գործեր, սեր բարություն: Վահրամը մեզ հետ չէ ֆիզիկապես, բայց նա ապրում է իր Տիգրան որդու, սիրելի կնոջ, ժամանակից շուտ ծերացած ծնողների` Արևիկի ու Ժորայի և բոլոր նրանց հուշերում, ովքեր ճանաչել են ԸՆԿԵՐ ՎԱՀՐԱՄԻՆ:

 

Այցելություններ

1199686
Այսօր785
Երեկ711
Այս շաբաթ2824
Այս ամիս20215
Ընդամենը1199686