Մուտք
ՀայերենРусскийEnglish
Ջուլիետա Ասատրյան PDF Տպել Էլ.փոստ

Ջուլիետա Պարգևի Ասատրյանը` Բյուրեղավանի հիմնական դպրոցի տնօրենը, այցեքարտն է բյուրեղավանցու, նրա վիշտն ու ուրախությունը կիսողը, խորհրդատուն ու ընկերը` հորդաբուխ մի էություն, ում խոսքն ու գործը մեկտեղվում են նոր օրվա ակնկալիքով, մտքի թռիչքն ու հայրենիքը ձուլվում ու վարդաններ կերտում, մանկանց հետ շուրջպարվում Արագածի սեգ լանջերին` դառնալով մարդերգություն, խորհրդանշելով հայի ոգեղեն ուժն ու անպարտելիությունը: Ջուլիետա Ասատրյանը ծնվել է Թիֆլիսում` ծառայողի ընտանիքում: Դեռ փոքրուց հետաքրքրություն է ունեցել գեղարվեստական խոսքի նկատմամբ: Բոլորը կարծում էին, որ նա կդառնա  խոսքի վարպետ: 1964 թ-ին ավարտել է Թիֆլիսի N93 հայկական միջնակարգ դպրոցը: Ավարտելով դպրոցը, ընդունվում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: Մեկ տարի անց թողնում է ինստիտուտը`ելնելով ընտանեկան պայմաններից: 1968 թ-ին ընդունվում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, որտեղ աչքի է ընկնում իր ընդունակություններով: 1972թ-ին ավարտելով ինստիտուտը, նշանակվել է Աբովյանի շրջանի Արզնի բանավանի հայկական միջնակարգ դպրոցում, որպես ուսուցչուհի, ուր և աշխատում է մինչև օրս`շարքային ուսուցչից մինչև տնօրեն: Ջուլիետա Ասատրյանը բազմաթիվ հոդվածների, սցենարների, ռադիոհեռուստա հաղորդումների, կոմպոզիցիաների հեղինակ է: Ստեղծագործում է, նրա ստեղծագործությունները տպագրվել են հանրապետական, շրջանային թերթերում և ամսագրերում: Երկու գրքույկների հեղինակ է`«Կարոտի նովելներ» և «Մի կում լուսին»: Մանկավարժական մոտ կեսդարյա կենսագրության ընթացքում արժանացել է բազմաթիվ կոչումների, շնորհների ու պարգևների: Դրանցից են`«Ավագ ուսուցիչ», «Մովսես Խորենացի» մեդալ, Նավասարդ ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, Օրբելու անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետի խորհրդատու, ՀՍՍՀ ուսուցիչների 4-րդ համագումարի պատգամավոր, 9-րդ հնգամյակի և ստեղծագործողի կրծքանշանի ասպետ, ՌԲԱ հայկական մասնաճյուղի պատվավոր դոկտոր, ՀԼԿԵՄ Աբովյանի շրջկոմի, ՀԱՄԿԽ-ի Կոտայքի մարզի, Բյուրեղավանի քաղաքապետարանի շնորհակալագրեր, պատվոգրեր, ԼՂՀ «Մայրություն» ՀԿ-ի կողմից «Մայրական երախտագիտություն» մեդալ` Արցախի ազատագրման  համար  կատարած հատուկ ծառայությունների համար և այլն: Այսօր էլ, մեր սիրելի ընկեր Ասատրյանը շարունակում է աշխատել նույն եռանդով ու ավյունով, ինչպես տարիներ շարունակ: Հիմա, երբ երեք դուստրերից յուրաքանչյուրն արդեն երկու երեխայի մայր է, տիկին Ջուլիետան զարմանում է, թե ինչպես է իրեն հաջողվել ժամանակին հաջողությամբ հաղթահարել բազմազբաղությունը,  միաժամանակ պահպանելով ընտանեկան ներդաշնակությունն ու ջերմությունը: Մաղթենք նրան, որ դեռ երկար փայլի նրա լույսը մատաղ սերնդի ապագա տանող ճանապարհին, թող նրա բոլոր սաները հասնեն իրենց նպատակներին և փառք տան ու բարի հիշեն սիրելի Ուսուցչուհուն…

 

Այցելություններ

1238239
Այսօր246
Երեկ1053
Այս շաբաթ6915
Այս ամիս16717
Ընդամենը1238239