
1993 թ. հունիսի 26:
Մարտիրոսվեց 20 ամյա պատանին, հավաստելով, որ հայրենասիրությունը մարդու համար ամենավսեմ զգացումն է : Զոհվեց բյուրեղավանցի պատանին, հավատալով, որ մի օր հնչելու են խաղաղության շեփորները:
1993 թվական, հունիս…հարկավոր էր ազատագրել թշնամու կողմից գրավված Մարտակերտ քաղաքը: Տանկային գումարտակի առջև խնդիր էր դրված մխրճվել թշնամու դասավորության մեջ, խուճապ առաջացնել, ապահովել ազատամարտիկների անկասելի գրոհը: Խնդիրն առավել քան վտանգավոր էր, քանի որ հակառակորդը ստեղծել էր պաշտպանական հզոր ամրություններ: Արթուրը հակառակորդի հրանոթը դիպուկ կրակոցներով հանեց շարքից: Սակայն մի պահ անց զգաց ուժգին հարված: Իր տանկն էր վառվում: Լսվեց գումարտակի հրամանատարի ձայնը՝ «Արթուրը խփվեց: Առաջ տղերք, լուծենք Արթուրի վրեժը»: Եվ տանկային գումարտակը զոհված ընկերոջ վրեժը լուծեց անկասելի հարվածով: Մարտակերտը գրավվեց…
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հունիսի 1-ի հրամանագրով Արթուր Բախշիի Ստեփանյանը պարգևատրվել է ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ:
Արթուրը ծնվել է 1973 թվականի օգոստոսի 11-ին Բյուրեղավանում: 1980-ից մինչև 1988 թվականը սովորել է Բյուրեղավանի N 4 գիշերօթիկ դպրոցում: 1988 թվականի սեպտեմբերից սովորել է Բյուրեղավանի N 51 պրոֆտեխուսումնարանում, որպես ավտոփականագործ: 1991 թվականին ավարտել է ուսումնարանը և զորակոչվել բանակ, ծառայել է Էջմիածնի տանկային գումարտակում: Ծառայության ժամանակ կամավոր մեկնել է Ղարաբաղ և ծառայությունը շարունակել Մարտակերտի պաշտպանական շրջանի տանկային գումարտակում, որպես տանկի հրամանատար: Մարտակերտի պաշտպանական գումարտակի տանկի հրամանատար Արթուր Ստեփանյանը հասկանում էր , որ իր ապրած դարը գեղեցիկ խոսքերի և բառերի ժամանակը չէ, հայրենիքն իրեն է սպասում: Արթուրը մասնակցել է Վաղուհասի, Հաթերքի, Ումուդլուի, Քելբաջարի, Օմարի լեռնանցքների կռիվներին:
Արևիկ Ստեփանյանն ազատամատիկ եղբոր մասին արցունքներով է հիշում. «Անսպասելի իմացանք, որ նա արդեն Ղարաբաղում է: Ընկերներից իմացանք որ կամավոր էր գնացել: Դեկտեմբեր ամիսն էր, որ գնաց: Մայիսին մի քանի օրով օտպուսկ եկավ, մեծ մարտերի էր մասնակցել էր: Էդ ժամանակ ամբողջ ընտանիքով համոզում էինք, որ չգնար: Շատ թասիբով տղա էր, ասաց. «քուր, որ ես չգնամ, բա ով գնա, հո չենք թողնելու թուրքը գա հասնի Երևան, էս էրեխեքին հո թուրքին չենք տալու (նկատի ուներ քրոջ երեխաներին): էս հայրենիքի կռիվ ա»: Բյուրեղավանի գիշերօթիկում սովորելու տարիներին եղբորս հայոց լեզվի ուսուցիչը պատերազմի մասնակից է եղել, գերի է ընկել: Նրա մասին միշտ խոսում էր ու իդեալականացնում: Իմ եղբայրը վեհ նպատակներ ուներ, որոնք մնացին անկատար:
Նրա նվիրվածությունը մեծ էր ոչ միայն հայրենիքի, այլ նաև ընկերների և հարազատների հանդեպ: Կյանքով լեցուն մի անձնավորություն, բայց ավաղ… հասցրեց ապրել ընդամենը 20 գարուն: Քո հաղթական հոգին հիմա թևածում է կապույտ երկնքի ջինջ ալիքներում, իսկ քո անունը հավերժ կմնա մեր սրտերում...»:
2017թ-ին՝ ի հիշատակ Արթուր Ստեփանյանի, համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հովանավորությամբ Արթուրենց շենքի բակում «Ինձ բացակա չդնեք» վերտառությամբ տեղադրվեց զրուցարան: Հիմա այնտեղ հավաքվում ու զրուցում են շենքի բնակիչները: Ամեն անգամ տեսնելով զրուցարանի խորագիրը հիշում են հայրենիքի պաշտպանին:
|