Մուտք
ՀայերենРусскийEnglish
Արթուր Ստեփանյան PDF Տպել Էլ.փոստ

1993 թ.  հունիսի  26:

Մարտիրոսվեց 20 ամյա պատանին, հավաստելով, որ հայրենասիրությունը մարդու համար ամենավսեմ զգացումն է :  Զոհվեց բյուրեղավանցի պատանին, հավատալով, որ մի օր հնչելու են խաղաղության շեփորները:

1993 թվական, հունիս…հարկավոր էր ազատագրել  թշնամու  կողմից գրավված Մարտակերտ քաղաքը: Տանկային գումարտակի առջև խնդիր էր դրված մխրճվել թշնամու  դասավորության մեջ,  խուճապ առաջացնել,  ապահովել ազատամարտիկների  անկասելի գրոհը: Խնդիրն առավել  քան վտանգավոր էր,  քանի որ հակառակորդը ստեղծել էր պաշտպանական  հզոր  ամրություններ:  Արթուրը հակառակորդի հրանոթը  դիպուկ  կրակոցներով  հանեց  շարքից: Սակայն մի պահ անց զգաց ուժգին հարված: Իր տանկն էր վառվում: Լսվեց գումարտակի հրամանատարի ձայնը՝ «Արթուրը խփվեց: Առաջ տղերք,  լուծենք Արթուրի վրեժը»:  Եվ տանկային գումարտակը զոհված ընկերոջ վրեժը լուծեց անկասելի հարվածով: Մարտակերտը գրավվեց…

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հունիսի 1-ի հրամանագրով Արթուր Բախշիի Ստեփանյանը պարգևատրվել է ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ:

Արթուրը ծնվել է  1973 թվականի օգոստոսի 11-ին  Բյուրեղավանում: 1980-ից մինչև 1988 թվականը սովորել է Բյուրեղավանի N 4 գիշերօթիկ դպրոցում: 1988 թվականի սեպտեմբերից սովորել է Բյուրեղավանի N 51 պրոֆտեխուսումնարանում,  որպես  ավտոփականագործ: 1991 թվականին ավարտել է  ուսումնարանը և զորակոչվել  բանակ, ծառայել է Էջմիածնի տանկային գումարտակում:  Ծառայության ժամանակ կամավոր  մեկնել  է Ղարաբաղ և ծառայությունը շարունակել Մարտակերտի պաշտպանական շրջանի տանկային գումարտակում, որպես տանկի հրամանատար: Մարտակերտի պաշտպանական գումարտակի տանկի հրամանատար Արթուր Ստեփանյանը հասկանում էր , որ իր ապրած դարը գեղեցիկ խոսքերի և բառերի ժամանակը չէ, հայրենիքն իրեն է սպասում:  Արթուրը մասնակցել է Վաղուհասի,  Հաթերքի,  Ումուդլուի, Քելբաջարի, Օմարի լեռնանցքների կռիվներին:

Արևիկ Ստեփանյանն ազատամատիկ եղբոր մասին արցունքներով է հիշում. «Անսպասելի իմացանք, որ նա արդեն Ղարաբաղում է: Ընկերներից իմացանք որ կամավոր էր գնացել: Դեկտեմբեր ամիսն էր, որ գնաց: Մայիսին մի քանի օրով օտպուսկ  եկավ, մեծ մարտերի էր մասնակցել էր:  Էդ ժամանակ ամբողջ ընտանիքով  համոզում էինք, որ չգնար: Շատ թասիբով տղա էր, ասաց. «քուր, որ ես չգնամ, բա ով գնա, հո չենք թողնելու թուրքը գա հասնի Երևան, էս էրեխեքին հո թուրքին չենք տալու (նկատի ուներ քրոջ երեխաներին): էս հայրենիքի կռիվ ա»: Բյուրեղավանի գիշերօթիկում սովորելու տարիներին եղբորս հայոց լեզվի ուսուցիչը պատերազմի մասնակից է եղել, գերի է ընկել: Նրա մասին միշտ խոսում էր ու իդեալականացնում:  Իմ եղբայրը վեհ նպատակներ ուներ, որոնք մնացին անկատար:

Նրա նվիրվածությունը մեծ էր ոչ միայն հայրենիքի, այլ նաև ընկերների և հարազատների հանդեպ:  Կյանքով լեցուն մի անձնավորություն, բայց ավաղ… հասցրեց ապրել ընդամենը 20 գարուն: Քո հաղթական հոգին հիմա թևածում է կապույտ երկնքի ջինջ ալիքներում, իսկ քո անունը հավերժ կմնա մեր սրտերում...»:

2017թ-ին՝ ի հիշատակ Արթուր Ստեփանյանի, համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հովանավորությամբ  Արթուրենց շենքի բակում «Ինձ բացակա չդնեք» վերտառությամբ տեղադրվեց զրուցարան: Հիմա այնտեղ հավաքվում ու զրուցում են շենքի բնակիչները: Ամեն անգամ տեսնելով զրուցարանի խորագիրը հիշում են հայրենիքի պաշտպանին:

 

Այցելություններ

4330060
Այսօր307
Երեկ1434
Այս շաբաթ1741
Այս ամիս30015
Ընդամենը4330060